Լրատվամիջոցներին հայտնի է, թե Թիլերսոնն ինչ է ծրագրել Մոսկվայում խոսել
International newsԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Մոսկվա առաջիկա այցի ժամանակ կպահանջի, որ Ռուսաստանը հրաժարվի Սիրիայի նախագահ Բաշար Ասադին աջակցելուց, հայտնում է The Sunday Times-ը՝ չնշելով աղբյուրներին:
Պարբերականի տեղեկություններով՝ ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան Սիրիայի հարցով համատեղ ծրագիր ունեն: Վաշինգտոնը եւ Լոնդոնը ցանկանում են երկրում «անցումային փուլ սկսել»:
Թիլերսոնը պատրաստվում է ապացույցներ ներկայացնել, որ Կրեմլում տեղյակ էին Իդլիբում քիմիական հարձակմանը Սիրիայի իշխանությունների մասնակցության մասին, նշված է հոդվածում:
Պարբերականի տեղեկություններով՝ պետքարտուղարը, հնարավոր է, Մոսկվային մեղադրի, որ խախտել է 2013 թվականի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները՝ կապված քիմիական զենքի ոչնչացման հետ:
Նախօրեին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պետքարտուղարի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Սիրիայի բանակը քիմիական զենք չի կիրառել եւ նշել է իրավիճակը մանրակրկիտ ու անկողմնակալ քննարկելու անհրաժեշտության մասին:
ԱՄՆ պետքարտուղարի այցը Մոսկվա ծրագրված է ապրիլի 11-12-ին: Շաբաթ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը չեղյալ է համարել Ռուսաստան այցը՝ հայտարարելով, որ Թիլերսոնը կներկայացնի G7-ի երկրների ընդհանուր դիրքորոշումը: