Հարավային Օսիայի նախագահական ընտրություններն ավարտվել են. ընտրատեղամասերը փակվել են
International newsՀարավային Օսիայի նախագահական ընտրություններում բոլոր 77 ընտրատեղամասերը փակվել են տեղական ժամանակով ժամը 20-ին: «ՌԻԱ Նովոստի»-ին այս մասին հայտնել է ԿԸՀ-ի քարտուղար Քրիստինա Ավլոխովան:
Նախագահի թեկնածու էին առաջադրվել գործող նախագահ Լեոնիդ Թիբիլովը, խորհրդարանի խոսնակ Անատոլի Բիբիլովը եւ ՊԱԿ աշխատակից Ալան Գագլոեւը: Երեքն էլ հանդես են գալիս Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա խորացման օգտին:
Նախագահական ընտրություններից բացի, Հարավային Օսիայում հանրաքվե է անցկացվում հանրապետությունը Ալանիայի պետություն վերանվանելու հարցով: Այսպիսով, յուրաքանչյուր ընտրող երկու քվեաթերթիկ է ստանում: Ընտրողները նախագահի երեք թեկնածուներին էլ դեմ քվեարկելու իրավունք ունեն:
Ժամը 14-ին ընտրությունները եւ հանրաքվեն կայացած են ճանաչվել, քանի որ մասնակցությունը անցել է 52 տոկոսից: Ժամը 16-ի դրությամբ մասնակցությունը կազմել է 69,95 տոկոս (22,625 ընտրողներ):
Ժամը 16-ի դրությամբ Ցխինվալում քվեարկել է 13,734 մարդ (67,87 տոկոս), Ցխինվալի շրջանում՝ 2774 ընտրող (68,85 տոկոս), Ջավի շրջանում քվեարկել է 1742 ընտրող (67,2 տոկոս), Կվայսա քաղաքում՝ 969 մարդ (76,72 տոկոս), Զնաուրի շրջանում՝ 2265 ընտրող (80,49 տոկոս), Լենինգորսկի շրջանում քվեարկել է 1141 ընտրող (81,37 տոկոս):