Էրդողանի ստամբուլյան հանրահավաքին սպասվածից քիչ մարդ է գնացել. The Times
International newsԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավիրած ստամբուլյան հանրահավաքին սպասվածից քիչ մարդ է գնացել, և դա՝ չնայած անվճար տրանսպորտին և բջջային օպերատորների ինֆորմացիոն աջակցությանը, գրում է հեղինակավոր The Times պարբերականը:
Թուրքիայում ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեին ընդառաջ նախընտրական քարոզչության շրջանակում Ստամբուլ ժամանած Էրդողանին ու վարչապետ Բինալի Յըլդըրըմին դիմավորել է մոտ 100.000 մարդ, ինչը Թուրքիայի հանրահավաքների համար բավականին ցածր ցուցանիշ է՝ հաշվի առնելով Էրդողանի նախորդ հանրահավաքները:
«Պարոն Յըլդըրըմն էլ բավականին տարօրինակ վիճակում է հայտնվել: Կառավարման նախագահական համակարգին անցնելու համար քարոզչություն իրականացնելով՝ նա կարծես ամբողջ ուժով պայքարում է իր լիազորություններից զրկվելու համար», - գրում է պարբերականը:
Նշենք, որ հունվարի 21-ին Թուրքիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Սահմանադրությունում փոփոխությունների իրականացման փաթեթին, որն առաջարկում է անցում կատարել կառավարման նախագահական համակարգին: 18 հոդվածից բաղկացած օրենքի ընդունմանը կողմ է քվեարկել 339 պատգամավոր:
Էրդողանը պնդում է Թուրքիայում կառավարման նախագահական համակարգի սահմանման հարցում՝ խորհրդարանականի փոխարեն, որը երկրում գործում է 1923-ին Թուրքիայի Հանրապետության կազմավորման սկզբից ի վեր:
Սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեն կանցկացվի ապրիլի 16-ին։