«Հուսով եմ՝ Էդգարը չի կորի եւ կպահի կապն ինձ հետ». Անդրեն՝ X Factor 4-ում իր թիմակցի հաղթանակի մասին
LifestyleNEWS.am STYLE-ը գրում է.
X Factor 4-ն էլ դարձավ պատմություն եւ այն կրկին ավարտվեց Անդրեի մասնակցի հաղթանակով: Էդգար Ղանդիլյանը դարձավ տիտղոսակիր, իսկ Անդրեն՝ հաղթող պրոդյուսեր: Էմոցիաներով հագեցած համերգի ավարտից հետո NEWS.am STYLE-ը Անդրեի հետ զրուցեց Էդգարի եւ նրա հաղթանակի մասին.
«Երբ արդեն 10-յակներ էինք ընտրում, Էդգարի ելույթը դիտելուց հետո ինքս ինձ ասացի, որ հենց նա է հաղթելու: Իմ եռյակը ձեւավորելիս էլ առաջինը Էդգարի անունը հնչեցրեցի՝ նշելով, որ տեսնում եմ նրան եզրափակիչում: Փաստորեն, իմ կանխատեսումը ճիշտ էր: Չեմ կարող չխոսել նաեւ Աբրահամ Խուբլարյանի մասին, որը եւս հզոր մասնակից էր եւ հասավ մինչեւ եզրափակիչ փուլ»,-ասում է Անդրեն, ըստ որի՝ իր մասնակիցն առաջին հերթին հեռուստադիտողներին գերել է անկեղծությամբ.
«Անգամ երբ տրամադրություն չունի, նա դա ցույց է տալիս: Նա շատ անկեղծ էր թե՛ հեռուստադիտողի, թե՛ հանդիսատեսի հետ: Ամեն դեպքում, մարդիկ հավանում են այդ անկեղծությունը: Անչափ ուրախ եմ այս հաղթանակի համար, հուզմունքս իսկապես շատ մեծ էր: Շատ շնորհակալ եմ իմ հանդիսատեսին, որոնք վստահ եմ՝ եղել են իմ մասնակցի կողքին: Առհասարակ, շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, որոնք քվեարկել են Էդգարի օգտին: Մենք միասին հաղթեցինք X Factor 4-ը»:
Անդրեից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչով է զբաղվելու X Factor-ից հետո.

«Նախագծից հետո առաջին հերթին հանգստանալու եմ, որովհետեւ այս 2 տարիների ընթացքում գոնե 3 օր չեմ կարողացել միայն ինձ տրամադրել»:
Երգիչը խոստանում է՝ ինչպես նախորդ եթերաշրջաններից հետո, այս անգամ էլ լինելու է իր 3 ֆինալիստների կողքին:
«Մինչ այսօր նախորդ մասնակիցներիս կողքին եմ. նրանց հետ կիսվում եմ իմ խորհուրդներով: Հուսով եմ՝ Էդգարը չի կորի եւ կպահի կապն ինձ հետ»,-ասում է նա:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ «Շանթ» TV-ի