ՄԻԵԴ-ը Ադրբեջանի վերաբերյալ 22 վճիռ է հրապարակելու
International newsՄարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ապրիլի 13-ին Ադրբեջանի հետ կապված 22 վճիռ է հրապարակելու:
Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Այս 22 վճիռները, որոնք հրապարակվելու են ՄԻԵԴ-ի կողմից վերաբերում են 2010-ին Ադրբեջանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների հետ կապված հայցերին:
Իրավապաշտպան Ինթիքամ Ալիևի փոխանցմամբ`ՄԻԵԴ ներկայացված բողոքները վերաբերում են 2010-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքում թույլ տրված տարբեր խախտումներին:
Իրավապաշտպանի հաղորդմամբ` դեռևս հայտնի չէ այս 22 որոշումների արդյունքում Ադրբեջանի կառավարությանը ներկայացվելիք տուգանքի չափը:
Ադրբեջանից ամեն տարի ՄԻԵԴ են ուղարկվում մարդու իրավունքների խախտման վերաբերյալ հարյուրավոր հայցեր:
2016-ին Ադրբեջանից Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ուղարկվել 333 հայց, իսկ 2015-ին` 268: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ապրիլի 6-ին Ադրբեջանի հետ կապված միանգամից 11 վճիռ է կայացրել:
ՄԻԵԴ-ը այս 11 հայցերի բավարարման արդյունքում Ադրբեջանի կառավարությանը տուգանել է 81 հազար 690 եվրոյի չափով, որով պետք է փոխհատուցվեն դիմումատուները: