Թուրքիայի փոխվարչապետը հայտնել է, որ մի շարք նահանգներում իշխանությունները սպասվածից քիչ քվեներ են ստացել
International newsԹուրքիայի փոխվարչապետներից Վեյսի Քայնաքը խոստովանել է, որ թեև սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ փաթեթի իրականացման համար անհրաժեշտ ձայների քանակն ապահովված է, սակայն իշխանությունները սպասվածի չափ ձայն չստացան:
Ինչպես հայտնում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը, փոխվարչապետը նշել է, որ մի շարք նահանգներում «Այո» քվեարկածների թիվը սպասվածից շատ ավելի քիչ է եղել:
Նշենք, որ Թուրքիայում նախօրեին կայացած սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի ժամանակ կառավարման նախագահական համակարգին կողմ են արտահայտվել հիմնականում երկրի կենտրոնական նահանգներում: Իշխանությունների առաջարկած սահմանադրական փոփոխությունները խիստ հակազդեցության են արժանացել Թուրքիայի խոշոր քաղաքներում` Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Ադանայում, Մուղլայում, Անթալիայում և այլուր: Էրդողանին դեմ են նաև քրդաբնակ շրջանների մեծ մասում:
Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեին այս տարի գրանցվել է մասնակցության բավականին բարձր ցուցանիշ: Ըստ թուրքական լրատվամիջոցների` հանրաքվեին մասնակցել են ընտրության իրավունք ունեցող 55,3 միլիոն քաղաքացիների 84 տոկոսը:
52 մլն 465 հազ. 971 քվեաթերթիկներից 51 մլն 322 հազ. 138-ը համարվել են վավեր:
Փոփոխությունների այս ծրագիրը ենթադրում է, որ նախագահը դառնում է պետական համակարգի ղեկավար և նրան են պատկանում փոխնախագահների, նախարարների և բարձրաստիճան պաշտոնյաների նշանակման լիազորությունները: Նախարարությունների ստեղծման, լիազորությունների, պարտավորությունների և կառուցվածքի մասին որոշումները կկայացվեն նախագահի հրամանների համաձայն: