Որոնք են այն երեք կարեւոր կետերը, որոնք փոփոխվել են Թուրքիայի սահմանադրությունում. պարզաբանում է Մուշեղ Խուդավերդյանը
International newsԱյսօր Պոստ Սկրիպտում մամուլի ակումբում թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը խոսեց Թուրքիայում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի, արդյունքների ու դրա հնարավոր հետեւանքների մասին:
«Թուրքիայում անցկացված Սահմանադրական փոփոխությունների արդյունքների վրա հմնվելով՝ կարող եմ նշել, որ 51.4%-ով հաղթեց «այո»-ն, ինչն էլ նշանակում է, որ մեզ հարեւան պետության Սահմանադրությունում տեղի են ունենում բավական պատկառելի փոփոխություններ. երկրի ղեկավարումը պառլամենտականից տանում են դեպի նախագահականի: Երկրի նախագահին տրվում են բավական բարձր լիազորություններ: Ռեջեփ Թայիփ Էրդողանին են վերագրվում բարձրաստիճան պաշտոնյաներ, նախարարներ ու փոխնախարարներ նշանակելու լիազորություները»,-ասաց թուրքագետը՝ առանձնացնելով փոփոխված Սահմանադրության երեք կարեւոր կետերը. «Առաջինն այն է, որ Թուրքիայի նախագահն այժմ կարող է լինել կուսակցական: Ինչ է սա նշանակում. ժամանակին նրանց Սահմանադրությունն արգելում էր երկրի նախագահին որեւէ կուսակցության անդամ լինել, իսկ նոր Սահմանադրությամբ դա թույլատրվում է: Այսուհետ նա կարող է ղեկավարել Արդարություն ու զարգացում կուսակցությունը: Երկրորդ փոփոխությունը վերաբերում է դատական համակարգին, մասնավորապես` դատավորների ու դատախազների բարձրագույն խորհուրդն այսուհետ կոչվելու է դատավորների ու դատախազների խորհուրդ, անդամների թիվը 23-ից իջեցվելու է 13-ի, որից 4-ին ընտրելու է անձամբ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, իսկ մնացածին ընտրելու է թուրքական խորհրդարանը` Միլի մեջլիսը: Երրորդն էլ այն է, որ փոփոխություններ են կատարվելու նաեւ Սահմանադրական դատարանում. այնտեղ առկա զինվորականների թիվը 17-ից իջեցվում է 15-ի, ինչն էլ նշանակում է, որ Սահմանադրական դատարանը սահմանափակում է զինվորական իշխանությունը»:
Ինչես նշեց բանախոսը, թուրքական մեգապոլիսներից Ստամբուլը, Անկարան եւ Իզմիրը ընդհանուր առմամբ «Ոչ» են քվերակել սահմանադրական փոփոխություններին: Նկատենք, որ երկրի կառավարման մոդելի փոփոխությանը «Ոչ» են ասել նաեւ քրդաբնակ շրջանները, ինչն էլ նշանակում է, որ Էրդողանի փոփոխություններին ընդդիմանում է թուրքական հասարակության բավական մեծ զանգված:
«Ընտրության մասնակցած անձանց 51.1 %-ն է քվեարկել. այդ հաշվարկներով «Այո» է ասել ընտրելու իրավունք ունեցողների ընդամենը 43 %-ը, ինչն էլ նշանակում է, որ Թուրքիայի հասարակությունն էլ ավելի պառակտված է դառնալու»,-նշեց թուրքագետը:
Ըստ նրա՝ այսուհետ Թուրքիայում ըմբոստության ալիք են բարձրացնելու ոչ միայն ռազմական ներկայացուցիչները, այլեւ խոշոր բիզնեսմենները:
Սոսե Չանդոյան