Քրդերի հարցում Օբաման խաբեց մեզ. Էրդողան
International newsԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման խաբել է Թուրքիային, գրում է թուրքական t24.com.tr կայքը:
Էրդողանը նշել է, որ Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատների (YPG) հարցում ԱՄՆ նախկին վարչակազմը խաբել է Թուրքիային և շարունակել աջակցել քրդերին`գիտակցելով, որ այդ ջոկատները վտանգ են ներկայացնում Թուրքիայի համար:
«Մենք պայմանավորվածություն ունեինք նրանց հետ թե՛ այս ջոկատների, թե՛ «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» (PKK) խմբավորման հետ կապված: Սակայն, ցավոք, Օբաման խաբեց մեզ: Չեմ կարծում, որ ԱՄՆ-ի նոր իշխանությունները նույն կերպ կվարվեն», - ասել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը պաշտոնապես հաստատել է Սիրիայի հյուսիսում թուրքական զինված ուժերի իրականացրած «Եփրատի վահան» ռազմական գործողության ավարտը:
Թուրքիան չի բացառել, որ ապագայում կարող է վերսկսել Սիրիայի տարածքում ռազմական գործողությունները, եթե այնտեղ գտնվող տարբեր խմբավորումների գործողություններն ու զարգացող իրադարձությունները վտանգ ներկայացնեն Թուրքիայի անվտանգությանը:
Նշենք, որ թուրքական հատուկ նշանակության ուժերը 2016թ. օգոստոսի 24-ի առավոտյան մտել էին Սիրիայի տարածք՝ իրենց իսկ խոսքով՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակում։ Թուրքական ԶՈւ-ն պայքարում էր նաև քրդական խմբավորումների դեմ: