Քրդերը շրջափակել են ԻՊ-ի «մայրաքաղաքը»
International news«Սիրիական ժողովրդավարական ուժերը» (SDF), որոնց հիմքում քրդական ջոկատներն են, իրենց վերահսկողության տակ են վերցրել ռազմավարական ճանապարհները, որոնք տանում են դեպի ԻՊ «մայրաքաղաք» Ռաքքա ու շրջափակել են այն չորս կողմերից, հայտնել է SDF–ի մամուլի քարտուղար Շիհան Շեխ Էհմեդը։
«Մենք կտրել ենք ԻՊ-ի մատակարարման բոլոր ռազմավարական ուղիները։ Կտրել ենք կապը Իրաքի հետ, ազատելով Դեր էզ Զոր տանող ճանապարհը ու մեր հսկողության տակ ենք վերցրել Ռաքքա նահանգի արեւելյան մասը»,- ասել է SDF-ի մամուլի քարտուղարը։
«Հիմա ԻՊ-ն չի կարողանա համալրել իր ուժերն ու զինամթերքը։ Նրանք Ռաքքայում չորս կողմից շրջափակված են»,- հավելել է Շիխան Շեհ Էհմեդը։
Նրա տվյալներով ԻՊ զինյալները սկսել են նահանջել դեպի Ռաքքա ու պատրաստվում են մարտերի քաղաքի մատույցներում։ Քրդերն էլ իրենց հերթին շարունակում են գրոհը։
SDF-ի ներկայացուցչի խոսքով Ռաքքայի ազատագրումը երկար չի տեւի։