Ստաֆան դե Միստուրան կմասնակցի Սիրիայի հարցով Աստանայում կայանալիք բանակցություններին
International newsՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի` Սիրիայի հարցերով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան հաստատել է իր մասնակցությունը մայիսի 3-4-ը Սիրիայի հարցով Աստանայում կայանալիք բանակցութուններին:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, համապատասխան հայտարարությունն արվել է Ժնևում: Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ստաֆան դե Միստուրան կմիանա Աստանայում անցկացվելի բարձր մակարդակի բանակցություններին:
«Հաշվի առնելով Սիրիայում իրավիճակի կարգավորման անհետաձգելիությունն ու կարևորությունը` նա համաձայնել է մասնակցել հանդիպմանը Ղազախստանի կառավարության հրավերով` որպես դիտորդ», - ասվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես մասնավորեցրել են հատուկ դեսպանորդի գրասենյակում, դե Միստուրան Աստանայում մտադիր է նաև խորհրդակցություններ վարել հրադադարի երաշխավոր կողմերի հետ, որոնց թվում են Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը: