Թուրքիայում տիրող իրական վիճակը ներկայացնում է թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը
International newsԹուրքիայում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո իրավիճակը շարունակում է թեժ մնալ,- այս մասին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսին նշեց թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը:
«Հանրաքվեին հաջորդեցին բազմամարդ ցույցերն ու հավաքները, որոնք նպատակ ունեին հասնելու ընտրությունների արդյունքների չեղարկմանը: Մասնավորապես, Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվոր Ժողովրդահանրապետական քեմալական կուսակցության առաջնորդ Քեմալ Քլեշ Դալօղլուն նշեց, որ չնայած Թուրքիայում հաղթել է ԱՅՈ-ն, այնուհանդերձ, ոչ մեկի դեմքին ժպիտ չի երեւում: Միաժամանակ թուրք առաջնորդը պահանջեց շնորհակալական այցեր կատարել այն վայրեր, որտեղ հաղթել է ՈՉ-ը»,- ասաց Մ.Խուդավերդյանը՝ հիշեցնելով, որ նշված ուժը անցկացված ընտրությունները չեղարկելու պահանջով դիմել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան ու ՄԱԿ:
ORER.am-ի հաղորդմամբ՝ բանախոսն անդրադարձավ նաեւ այն փաստին, «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության ներկայացուցիչները իջեցրել են Թուրքիայում ժողովրդավարության ու մամուլի ազատության ինդեքսը՝ այն հասցնելով155-րդ հորիզոնականի:
«Այս քայլը պարարտ հող կհանդիսանա, որպեսզի Եվրոպայում ու, մասնավորապես, ԵԽԽՎ-ում ստեղծվի մի զեկույց, որն էլ կանդրադառնա Թուրքիայում մամուլի ազատության սահմանափակմանը: Այդ օրինագիծը ներկայացվեց ԵԽԽՎ նիստին, ինչն էլ նշանակում է, որ ադ կառույցը Թուրքիայում մոնիտորինգ է սկսելու»,- ասաց թուրքագետն՝ ընդգծելով, որ անցկացվելիք մոնիտորինգը կնպաստի նրան, որ դադարեցվեն Եվրամիության հետ Թուրքիայի բանակցությունները:
Մեջբերելով թուրքական մամուլից հրապարակումներ՝ Մ.Խուդավերդյանն առանձնացրեց դրանցից աչքի ընկնողները. «Թուրքական ընդդիմության ներկայացուցիչ Դենիս Բայկալն ասել է, որ եթե Էրդողանը հայտարարել է, որ ԱՅՈ-ն է հաղթել, ապա դա ընդամենը առաջին խաղակեսն է, ու Թուրքիային սպասվում են թեժ տարիներ:
«Ազգայնական» կուսակցությունն էլ իր հերթին հայտարարել է ԱԶԿ-ի հետ կոալիցիոն հուշագիր կազմելու մասին: Իսկ Թուրքիայի «Արդարություն ու զարգացում» և «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավարները հանդիպել են, որպեսզի մշակեն կոալիցիա կազմելու հեռանկարը» -ասաց նա:
Ըստ բանախոսի՝ Թուրքիայում նմանօրինակ զարգացումներ դեռ կլինեն, իսկ թե ինչպես կպայքարեն ըմբոստացողների դեմ իշխանականները, ցույց կտա ժամանակը: