Աստանայում ընդդիմությունը պահանջում է ուժերը դուրս բերել Վադի Բարադայից եւ Էլ Վաերից
International newsՍիրիայի զինված ընդդիմության պատվիրակությունը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում պահանջում է կառավարական զորքերին նահանջել 2016 թվականի դեկտեմբերի 30-ից հետո գրաված տարածքներից, այդ թվում՝ Վադի Բարադայից, Էլ Վաերից եւ Զաբադանիից, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։
«Մենք պահանջում ենք հետեւյալ ընթացակարգերի հստակ իրականացում՝ դուրս բերել ուժերը 2016 թվականի դեկտեմբերի 30-ից հետո ռեժիմի գրաված տարածքներից, այդ թվում՝ Վադի Բարադայից, Էլ Վաերից, Մաադամիից եւ Զաբադանիից, վերադարձնել այնտեղից տեղահանված մարդկանց», - ասվում է հայտարարությունում։
Ընդդիմության պատվիրակությունը պնդում է նաեւ ձերբակալված անձանց ազատ արձակման գրաֆիկ սահմանել, հանել պաշարումից Գուտան եւ Քաբունը՝ Դամասկոսի եւ Մահաջիի շրջանում, հրադադարի ռեժիմի մոնիթորինգի ստեղծել, սահմամել ու մեխանիզմները գործի դնել, ինչպես նաեւ այն խախտողներին պատժել։
Հայտարարությունում նշվում է, որ զինված ընդդիմությունը հակված է հրադադարին, որը ձեռք է բերվել 2016 թվականի վերջին։
Փաստաթղթում նաեւ ասվում է, որ Իրանը Սիրիայի կարգավորման հարցում որեւէ դեր չի կարող խաղալ։
Փաստաթղթում ընդգծվում է, որ պատվիրակությունը պահանջում է նախագահ Բաշար Ասադի հեռանալը։ Ինչպես հայտարարել են նրա ներկայացուցիչները՝ ահաբեկչության ամբողջական ոչնչացումը հնարավոր է միայն դրա նախնական աղբյուրի դեմ պայքարում՝ ի դեմս Ասադի ռեժիմի։ «Այն (ռեժիմ) հիմնված է Սիրիայում արյան, ճնշումների ու անարդարության վրա », - ասվում է հայտարարությունում։