Էմանուել Մակրոնը քվեարկել է նախագահական ընտրություններում
International newsՖրանսիայի նախագահի թեկնածու, էկոնոմիկայի նախկին նախարար եւ «Առաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը քվեարկել է կիրակի անցկացվող նախագահական ընտրությունների երկրորդ փուլում՝ ժամանակի առումով տառացիորեն մի քանի րոպե առաջ անցնելով իր մրցակցուհուց՝ «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լը Պենից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նա Օ դե Ֆրանս շրջանի Լե Տուկա կոմունայի քաղաքապետարանում գտնվող ընտրատեղամաս է եկել տեղական ժամանակով մոտ ժամը 11.00-ին՝ կնոջ Բրիջիթի եւ մեծ թվով թիկնապահների ուղեկցությամբ:
Առաջինը ընտրատեղամաս է մտել Մակրոնի կինը, որը մուգ երկար ժակետ էր հագել եւ մուգ վերնաշապիկ՝ զանգվածեղ փայլուն զարդերով կրծքավանդակին: Նրանից հետո մտել է նախագահի թեկնածուն, որը հագել էր մուգ վերարկու եւ փոխկապով խիստ կոստյում:
Զույգը քվեախցիկներ է մտել միաժամանակ, տառացիորեն անմիջապես այն լքել է եւ ուղղվել քվեատուփի մոտ: Տիկին Մակրոնն իր քվեաթերթիկն առաջինն է գցել տուփի մեջ, իսկ նրա ամուսինը սեղմել է ընտրական հանձնաժողովի բոլոր անդամների ձեռքերը, եւ միայն դրանից հետո է հետեւել կնոջ օրինակին:
Կիրակի առավոտյան Ֆրանսիայի տարածքում բացվել է ավելի քան 66,5 հազար ընտրատեղամաս, որտեղ կարող է քվեարկելու գալ մոտ 47 մլն ընտրող: