Թուրքիայի եւ ԱՄՆ-ի գլխավոր շտաբների պետերը քննարկել են Սիրիայի եւ Իրաքի իրավիճակը
International newsԹուրքիայի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը եւ նրա ամերիկացի գործընկեր Ջոզեֆ Դանֆորդը Վաշինգտոնում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են Սիրիայի եւ Իրաքի իրավիճակը, հայտնում է Anadolu գործակալությունը:
Գլխավոր շտաբների պետերի հանդիպումը տեղի է ունեցել շաբաթ Վաշինգտոնում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի նախաշեմին: Այցը նախատեսված է մայիսի կեսին: Գլխավոր շտաբների պետերի հանդիպմանը մասնակցել են Թուրքիայի Հետախուսական ազգային կազմակերպության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանը եւ Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը:
Սիրիայում հրադադարի երաշխավոր երկրների (ՌԴ, Իրան, Թուրքիա) ներկայացուցիչները Աստանայում միջազգային բանակցությունների հերթական ռաունդում, որն անցկացվել է մայիսի 3-4-ին, հուշագիր են ստորագրել Սիրիայում ապաէսկալացման 4 գոտիների ստեղծման մասին: Այն ներառում է Իդլիբի նահանգը, նաեւ Լաթաքիայի, Համայի եւ Հալեպի միավորված նահանգների որոշակի հատվածները, Հոմս նահանգի հյուսիսային որոշակի հատվածները, Արեւելյան Գուտան, Սիրիայի հարավի որոշակի հատվածները՝ Դերաա եւ Քունեյթրա նահանգները:
Սիրիայում զինված դիմակայությունը շարունակվում է 2011 թվականի մարտից: ՄԱԿ-ի տվյալներով՝ հակամարտության հետեւանքով զոհվել է ավելի քան 220 հազար մարդ: 2015 թվականի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով սկսել է ավիահարվածներ հասցնել Սիրիայում ահաբեկիչների օբյեկտներին: Ռուսաստանի աջակցությամբ Դամասկոսին հաջողվել էիրավիճակի մեջ բեկում մտցնել եւ առանցքային ուղղություններով հարձակման անցնել: