Կոտայքի մարզպետարանի տարածած հաղորդագրության համաձայն՝ Մայակովսկի համայնք կատարած այցելության ընթացքում Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանի կողմից տրվել է համապատասխան հանձնարարական, ըստ որի, սահմանված ժամանակացույցի համաձայն, պետք է տեղի առողջապահական կենտրոնի շտապ բուժօգնության մեքենան սպասարկում իրականացնի նաև Արամուս համայնքում:
Պարզվում է՝ Կոտայքի մարզպետը գիտության քուրմ է, ու մենք բանից անտեղյակ ենք: Անգամ բրիտանացի գիտնականների ամենաաբսուրդ հայտնագործություններում որևէ խոսք չկա հիմնահարցերը այսպիսի հանճարեղ կերպով քոքահան անելու մասին: Պարզվում է՝ մարդիկ այս համայնքներում հիվանդանալու են ըստ Արամ Հարությունյանի կազմած ժամանակացույցի: Չծիծաղեք, գիտության գագաթը սևով սպիտակի վրա հաղորդագրություն է տարածել՝ ըստ սահմանված ժամանակացույցի տեղի առողջապահական կենտրոնի շտապ բուժօգնության մեքենան սպասարկում պետք է իրականացնի նաև Արամուս համայնքում:
Հետաքրքիր է՝ ըստ հանճարեղ մարզպետի ժամանակացույցի՝ համայնքներից ո՞ր մեկի բնակիչներն են հիվանդանալու մինչև կեսօր, իսկ մյուսը՝ կեսօրից հետո: Ասենք, նմանատիպ որոշում կարելի է կայացնել կոմբայնի դեպքում, երբ մի քանի համայնքներով մշակում են ժամանակացույց՝ բերքահավաքը կազմակերպելու համար: Ի տարբերություն հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի՝ մարդկանց ճնշման տատանումները սակավ կանխատեսելի են, ուստի նման ժամանակացույց մշակելու համար Կոտայքի մարզպետը, հավանաբար, ուսումնասիրել է հին ուդմուրտական ձեռագրեր...
Չնայած հետաքրքիր մոդել է և կարելի է ներդնել պետության կառավարման տարբեր ոլորտներում՝ միջոցներ խնայելու համար: Ասենք՝ ստեղծել հովհարային մարզպետների համակարգ: Օրինակ՝ Արամ Հարությունյանը կարող է ղեկավարել Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի մարզերն ու Երևանի Ավան թաղամասը՝ միաժամանակ... Քաշի անցանկալի ավելացումը կարելի է կանխել դիետոլոգի խորհրդով...
Վերջում՝ հուսով եմ, որ պարոն մարզպետը չի մոռանա այս գիտական ներդրման համար ինքնզինքը պարգևատրել Գիտության տիեզերական առաջընթացի համար Կոտայքի մարզպետի բարձրագույն պարգևով: Պաշտոնը ժամանակավոր է, փառքը՝ հավերժ: Համ էլ ձեռքի հետ նոր ռեկորդ կսահմանի՝ միակ մարդն աշխարհում, որ ինքն իրեն պարգևատրել, այնուհետև մաղարիչը խմելիս ինքն իր փոխարեն ռեստորանում հաշիվ է փակել արդեն երկու անգամ...
Վարուժան Բաբաջանյան