Մեր ձագուկները ներթափանցել են դեպի Սիրիայի խորքերը. Էրդողան
International newsԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ միակ լուրջ պայքար մղողը Թուրքիան է, այս մասին հայտնում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը:
Էրդողանը հայտարարել է, որ իրենց «ձագուկները»՝ թուրքական ԶՈւ-ի զինվորականները, ներթափանցել են դեպի Սիրիայի խորքերը՝ պայքարելով ահաբեկիչների դեմ:
«Մնացած բոլորը ոչ թե պայքարում, այլ միայն խոսում են դրա մասին», - հայտարարել է Էրդողանը:
Ըստ նրա՝ որևէ տարբերություն չկա ԻՊ-ի և Սիրիայում պատերազմող քրդական խմբավորումների միջև, և Թուրքիան շարունակելու է պատերազմել նաև նրանց դեմ:
Նշենք, որ թուրքական հատուկ նշանակության ուժերը 2016թ. օգոստոսի 24-ի առավոտյան մտել էին Սիրիայի տարածք՝ իրենց իսկ խոսքով՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակում։ Թուրքական ԶՈւ-ն պայքարում էր նաև քրդական խմբավորումների դեմ:
«Եփրատի վահան» անվանումը ստացած ռազմական գործողության ավարտից հետո էլ այս տարվա ապրիլի 25-ին թուրքական ԶՈւ-ն օդային հարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիսային շրջաններին, որի հետևանքով մահացել է Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատների (YPG) 18 մարտիկ: