Թուրքիայի կառավարության խոսնակը խորհուրդ է տվել Ռուսաստանին չաջակցել Սիրիայի քրդերին
International newsԹուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Նուման Քուրթուլմուշը խորհուրդ է տվել Ռուսաստանին զերծ մնալ Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատներին (YPG) աջակցելուց, այս մասին հայտնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:
Քուրթուլմուշը շեշտել է, որ Թուրքիան մեծ հույս ունի, որ իրենց ռազմավարական դաշնակիցը հանդիսացող ԱՄՆ-ն, ամեն դեպքում, հետ կկանգնի YPG-ի աջակիցը լինելուց, և նշել, որ եթե Ռուսաստանը նույնպես չաջակցի քրդերին՝ դա ռուսական իշխանությունների կողմից կատարված ամենախելացի քայլը կլինի:
Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատներին (YPG) զենք տրամադրելու մասին որոշումը, որը խիստ հակազդեցության է արժանացել Թուրքիայում:
Թուրքիայի կառավարությունը կոչ է արել Վաշինգտոնին «հետ կանգնել բռնած սխալ ուղուց» և նշել, որ այն համոզմունքը, թե «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը կարող է արդյունավետ լինել միայն քուրդ զինյալների հետ համագործակցելու պարագայում, իրականության հետ ոչ մի կապ չունի: