Թուրքական օդանավերը մեկ օրվա ընթացքում 141 անգամ խախտել են Հունաստանի օդային տարածքը
International newsԹուրքական օդանավերը մայիսի 15-ին 141 անգամ խախտել են Հունաստանի օդային տարածքն Էգեյան ծովի հյուսիս-արեւելյան, կենտրոնական եւ հարավ-արեւելյան հատվածներում: Այս մասին գրում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով Naftemporiki պարբերականը:
Հունաստանի օդային սահմանը խախտել են CN-235 տեսակի 5 եւ F-16 տեսակի 20 օդանավեր, որոնցից 14-ը զինված են եղել, ինչպես նաեւ 19 ուղղաթիռներ: Թուրքական եւ հունական օդանավերի միջեւ նաեւ 9 վիրտուալ մարտ է տեղի ունեցել:
Անցյալ տարվա հուլիսին Հունաստանի հյուսիսում թուրքական ուղղաթիռ էր վայրէջք կատարել: Այն հատել էր օդային սահմանն ու վայրէջք կատարել Ալեքսանդրուպոլիս քաղաքում: Ուղղաթիռում 8 մարդ կար, բոլորը ձերբակալվել են: ERT հեռուստաալիքի պարզաբանմամբ՝ նրանք կարող էին Թուրքիայում զինված հեղաշրջման փորձի մասնակիցներ լինել: