Ով ինչ ուզում է, թող ասի՝ Լևոն, Գագիկ կամ մեկ այլ անուն, սակայն մեզ միացնողը մեկ անուն է՝ Հայաստանը. Րաֆֆի Հովհաննիսյան
Politics«Այսօր՝ հոկտեմբերի 24-ին` Մեծ Եղեռնի 100-ամյակից 6 ամիս առաջ, մենք հավաքվել ենք այստեղ, և սա ձեր պահանջն է: Եթե այս հարթակում տարաձայնություններ լինեն, դուք պիտի պահանջեք, որ մենք միասին լինենք»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանն ու հավելեց, որ հայ հասարակությանը պետք է հեղափոխություն՝ հոգու, մտքի, ազգի, քաղաքացու. «Ով ինչ ուզում է, թող ասի՝ Լևոն, Գագիկ կամ մեկ այլ անուն, սակայն մեզ միացնողը մեկ անուն է՝ Հայաստանը, և մեկ պետական դրոշ»:
Բացի օրակարգային հարցերից, Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձավ նաև հայ-թուրքական արձանագրություններին և Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցությանը.
«Մենք դեմ ենք Հայաստան-Թուրքիա արձանագրություններին, մենք դեմ ենք նաև Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը, և կարծում ենք, որ Սերժ Սարգսյանն իր ոչլեգիտիմ ստորագրությամբ երկիրը տանում է սխալ ուղով: Չնայած մեր անցած տարաձայնություններին՝ մենք կոչ ենք անում քաղաքական և քաղաքացիական բոլոր ուժերին միավորվել՝ մեր երկիրը փրկելու համար»:
Անդրադառնալով իր նախորդ պահանջներին՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ իր՝ քաղաքական համաձայնության գալու պահանջն ուժի մեջ է. «Ես թարմացնում եմ իմ` անցյալ տարի արած առաջարկը. պետք է գալ քաղաքական համաձայնության: Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանն ու ամբողջ իշխանությունը պետք է հրաժարական տա, և մինչև ապրիլի 24-ը կազմակերպվեն արդար ընտրություններ»:
Րաֆֆի Հովհաննիսյանը նաև անդրադարձավ իր հանդեպ գրվող ու իրեն տրվող գնահատականներին. «Ես ազգային շարժման առաջնորդ չեմ, ամոթ նման բան գրողին, ես շարքային քաղաքացի եմ, ով անցյալ տարի ձեր օգնությամբ հաղթել է Սերժ Սարգսյանին ու իր ռեժիմին»: