Աբեն ԱՄՆ-ին, ՌԴ-ին, Չինաստանին եւ Հարավային Կորեային կոչ է արել ջանքերը միավորել Հյուսիսային Կորեային պատասխան տալու համար
International newsՃապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի եւ Հարավային Կորեայի ջանքերի միավորման անհրաժեշտության մասին Հյուսիսային Կորեայի գործողություններին պատասխան տալու համար, փոխանցում է «Կոմերսանտը»:
Ճապոնիայի վարչապետի կարծիքով՝ այս ամիս Իտալիայում անցկացվող G7-ի ղեկավարների առաջիկա հանդիպման ժամանակ անհրաժեշտ է քննարկել Հյուսիսային Կորեայի խնդիրը եւ նրա գործողություններին հստակ պատասխան մշակել: «Հյուսիսային Կորեան մեկ շաբաթում երկրորդ անգամ իրականացրել է բալիստիկ հրթիռի արձակում. սա բացահայտ մարտահրավեր է ամբողջ միջազգային հանրությանը եւ նրա անվտանգությանը սպառնալիք: G7-ի առաջնորդների առաջիկա հանդիպմանը ես մտադիր եմ լրջորեն քննարկել այս խնդիրը եւ մշակել հստակ ու կոնկրետ պատասխան»,- ասել է վարչապետը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է վճռական պատասխան տալ ամբողջ միջազգային հանրության միավորված ջանքերով:
Ավելի վաղ արտահերթ հրավիրված Անվտանգության խորհրդի նիստում Աբեն բոլոր նախարարներին հրահանգել է կատարել տեղեկությունների հայթայթում եւ վերլուծություն, այն ժամանակին տրամադրել բնակչությանը, նաեւ ապահովել օդանվերի ու նավերի անվտանգությունը եւ պատրաստ լինել ցանկացած անկանխատեսելի իրավիճակի:
Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեան այսօր կատարել է անհայտ մոդիֆիկացիայի հրթիռի հերթական արձակում: Արձակված հրթիռն ընկել է Ճապոնական ծովում՝ Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտուց դուրս: Հարավկորեացի զինվորականների տեղեկություններով՝ այն անցել է մոտ 500 կմ: Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի կառավարությունները հայտարարել են Անվտանգության ազգային խորհրդի նիստ հրավիրելու մասին: