Ասանժին առաջարկել են ամերիկյան ռադիոկայանով հաղորդում վարել
International newsՍկանդալային նյութերի հրապարակմամբ զբաղվող WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին առաջարկվել է ռադիոհաղորդում վարել Միացյալ Նահանգներում, ինչի մասին նա գրել է իր թվիթերյան էջում:
«Մի քանի ամերիկյան ռադիոկայան ինձ առաջարկել են հաղորդում վարել` Էկվադորի դեսպանատանը փակված լինելով հանդերձ: Ի՞նչ եք կարծում՝ դա լա՞վ գաղափար է: Հաղորդման ձևաչափի ու անվանման վերաբերյալ գաղափարներ կա՞ն»,-գրել է Ասանժը, որը 2012թ. ի վեր ապաստանել է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը:
Սրան ի պատասխան հայտնի ռադիոհաղորդավար Շոն Հենիթին Ասանժին առաջարկել է իր տեղը:
Հայտնի է, որ 2012թ. նա դիմել է Էկվադորի դեսպանատուն՝ խնդրելով իրեն քաղաքական ապաստան տրամադրել, քանի որ մտավախություն է ունեցել առ այն, որ Շվեդիայի իշխանություններն իրեն ԱՄՆ-ին կհանձնեն: Մինչդեռ Միացյալ Նահանգներում նրան կարող են ցմահ ազատազրկման դատապարտել պետական գաղտնիքների բացահայտման համար:
Նշվում է, որ մայիսի 19-ին Շվեդիայի դատախազությունը դադարեցրել է Ասանժի՝ բռնաբարության մեղադրանքով գործի հետաքննությունը: Այնուհանդերձ՝ Ասանժը դեռևս չի կարող լքել դեսպանատունը, քանի որ նրան դեռևս ձերբակալություն է սպառնում Լոնդոնի ոստիկանության կողմից: