Անահիտ Ադամյանի մայրիկը՝ «Մանկական Նոր ալիք 2017»-ում դստեր հաղթանակի եւ Լեւ Լեշչենկոյի արձագանքի մասին
LifestyleNEWS.am STYLE-ը գրում է.
Երեկ Արտեկում կայացել է «Մանկական Նոր ալիք 2017» երգի մրցույթի եզրափակիչ փուլը, որտեղ առաջին հորիզոնականը կիսել են Հայաստանի եւ Ռուսաստանի ներկայացուցիչները՝ Անահիտ Ադամյանն ու Արինա Պետրովան:
Անահիտն այսօր առավոտյան վերադարձել է Սոչի.
«Անահիտի տրամադրությունը շատ լավ է: Ժամեր առաջ ենք վերադարձել տուն: Անկեղծ ասած՝ մրցակիցները շատ ուժեղ էին. մենք սպասում էինք, որ գոնե 2-րդ հորիզոնականում կլինենք։ Այս հաղթանակն իսկապես շատ ուրախալի էր: Ինչ վերաբերում է Ռուսաստանի ներկայացուցիչ Արինային, պետք է նշել, որ նա եւս շատ ուժեղ երգչուհի է», - NEWS.am STYLE-ի հետ զրույցում, անդրադառնալով Անահիտի հաղթանակին, նշեց երգչուհու մայրիկը՝ Մարգարիտա Ղազարյանը:
Մրցույթին Անահիտը ներկայացել է Սթիվի Ուանդերի Don՛t You Worry About a Thing եւ Սիրուշոյի «ՊռեԳոմեշ» երգերով.

«Առաջին մրցութային օրվա ընթացքում Անահիտը երգել է Սթիվի Ուանդերի երգը՝ արժանանալով Լեւ Լեշչենկոյի դրական արձագանքին: Նա նշեց, որ Անահիտը շատ տաղանդավոր է եւ որ շատ ազատ է բեմի վրա: Երկրորդ օրն էլ Անահիտը լավ խոսքերի արժանացավ Կրիլատովի կողմից, որը նշեց, որ նրան մեծ ապագա է սպասվում», - տեղեկացրեց Մարգարիտան՝ հավելելով, որ շատերն էին տպավորված մեր երգչուհու կատրումներով:
Ի դեպ, զրույցի ընթացքում պարզեցինք, որ շատ շուտով Անահիտը գալու է Երեւան. այստեղ երգչուհին հրավեր է ստացել նկարահանվելու մյուզիքլում: Իսկ առայժմ Անահիտի մայրիկի խոսքով՝ երգչուհին կշարունակի հաճախել վոկալի դասերի եւ ակտիվորեն զբաղվել երգեցողությամբ:
Սյունե Առաքելյան