Լոնդոնի ահաբեկչության ականատեսը վերադարձել է ռեստորան՝ հաշիվը վճարելու համար
International newsԼոնդոնցին, ով դարձել է ահաբեկչական հարձակման ականատեսը, իրադարձություններից հետո վերադարձել է ռեստորան՝ հաշիվը վճարելու և մատուցողներին թեյավճար թողնելու համար։ Այս մասին հայտնում է BuzzFeed պորտալը։ Ռիչարդ Էնջելը պատմել է BuzzFeed-ին, որ անցած գիշեր ընկերների հետ նստած է եղել ռեստորանում։ Հանկարծ անվտանգության աշխատողները փակել են դռները։ Նա հիշում է, թե ինչպես են մարդիկ պառկել հատակին, թաքնվել սեղանների հետևում։ «Ես փողոց նայեցի և տեսա հարակից այլ ռեստորանից դուրս եկող մարդու։ Նա բռնել էր կուրծքն ու պարանոցը և ամբողջովին արյան մեջ էր»,-պատմել է ականատեսը։ Նա նշել է, որ ոստիկանները դեպքի վայր են ժամանել հաշված րոպեների ընթացքում, որից հետո հնչել են կրակոցներ։ Նրա խոսքով՝ ռեստորանի բոլոր այցելուները չափազանց վախեցած են եղել։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 7, վիրավորվել մոտ 50 մարդ։
