ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը մտահոգություն է հայտնել առևանգված ադրբեջանցի լրագրող Մուխտարլիի գործով
International newsԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Մայքլ Ջորջ Լինքն իր մտահոգություններն է հայտնել ադրբեջանցի լրագրող ու մարդու իրավունքների պաշտպան Աֆղան Մուխտարլիի անօրինական առևանգման ու նրա նկատմամբ դաժան վերաբերմունքի նկատմամբ:
Ինչպես տեղեկացրին ԵԱՀԿ-ից, Լինքը նշել է, որ Մուխտարլիի հետ կատարվածը պարզելու նպատակով պետք է պատշաճ հետաքննություն իրականացնել: «Իշխանության չարաշահման ցանկացած դեպք կամ հանցավոր արարք, որն իրականացրել են օրինապահ մարմինները, պետք է հետաքննվի ու պատասխանատու բոլոր անձինք պետք է օրինական պատասխանատվության ենթարկվեն»,- ասել է նա:
Լինքն ընդգծել է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը շարունակելու է հետևել դեպքի զարգացումներին: «Եթե Մուխտարլիի դեմ քրեական հետապնդումները հիմնված են հորինված ապացույցների ու գործողությունների վրա, իշխանությունները պետք է անհապաղ կերպով դադարեցնեն նրա դեմ գործն ու ազատ արձակեն նրան»,- ասել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենը: