Գյուլենական լինելու մեղադրանքով Թուրքիայի քաղաքացիությունից զրկվել է առնվազն 130 մարդ. թուրքագետ
International news«Վերջին մեկ ամսվա ընթացքում գյուլենականնրի դեմ պայքարն ավելի է սրվել: Մասնավորապես, վերջին մեկ տարում փակվել է նրանց պատկանող 4 հազարից ավելի գրասենյակ ու հաստատություն: Գյուլենականների դեմ որսը սկսվել է հատկապես ժանդարմերիայի շրջանակներում, ինչի արդյունքում վերջին մեկ ամսում ձերբակալվել է շուրջ 5 հազար ոստիկան»,-այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսին նման տեսակետ հայտնեց թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը:
«Գյուլենական լինելու մեղադրանքով Թուրքիայի քաղաքացիությունից զրկվել է առնվազն 130 մարդ: Այդ թվում՝ քաղաքացիությունից սպառնում են զրկել հենց Ֆեթուլլահ Գյուլլենին: Հարկ է նկատել, որ Թուրքիան վերջին շրջանում բավական ակտիվ քաղաքականություն է վարում Մերձավոր Արեւելքում, հատկապես Քաթարի շուրջ ստեղծված պայմաններում: Չնայած բազմաթիվ երկրներ խզել են Քաթարի հետ հարաբերությունները, սակայն Թուրքիան հայտարարել է, որ կանգնած է այդ երկրի մեջքին եւ ավելի է խորացնելու նրա հետ հարաբերությունները: Բացի այդ՝ Թուրքիան Քաթար է ուղարկելու մոտ 120 զինվոր, ապահովելու է Թուրքիայի ռազմածովային եւ օդուժի ներկայությունը: Մեկ այլ պայմանագրի համաձայն՝ Թուրքիան լինելու է Քաթարի սննդի եւ ջրի հիմնական մատակարարը»,- հիշեցրեց թուրքագետը:
Անդրադառնալով նաեւ Թուրքիա-Եվրամիություն սրված հարաբերություններին՝ թուրքագետը հիշեցրեց, որ ԵՄ մի շարք երկրների պահանջով ԵՄ արտակարգ հանձնաժողովն այդ երկրում աուդիտ կանցկացնի՝ պարզելու՝ վերջին տարիներին Թուրքիա ուղարկված 4 միլիարդ դոլարն արդյո՞ք ծառայել է օրենքի գերակայության եւ ժողովրդավարության կայացմանը:
«Թեեւ այդ երկրի իշխանություններն արձագանքեցին Իրանում տեղի ունեցած ահաբեկչությանը, սակայն իրանցի ժողովուրդը համարեց, որ Թուրքիայի վերաբերմունքն այդքան էլ անկեղծ չէ: Իրանական կողմը կարողացավ հաջողությամբ դիմակայել խժդժություններին եւ այժմ էլ կարողանում է տարածաշրջանում հստակ ու հավասարակշռված քաղաքականություն վարել»,-ասաց նա: