Լոնդոնում խոշոր հրդեհը կարող է հետաձգել Brexit-ի շուրջ բանակցությունների մեկնարկը
International newsԼոնդոնի արեւմտյան մասում Grenfell Tower բնակելի տանը տեղի ունեցած խոշոր հրդեհի պատճառով կարող Է ձգձգվել Պահպանողական կուսակցության եւ Հյուսիսային Իռլանդիայի Դեմոկրատական յունիոնիստական կուսակցության (ԴՅԿ) միջեւ համաձայնության կնքման վերաբերյալ հայտարարումը եւ հետաձգել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ բանակցությունների մեկնարկը:
Այդ մասին հայտնել Է BBC կորպորացիան: Նրա տվյալներով՝ Հյուսիսային Իռլանդիայի ԴՅԿ-ի հետ պահպանողականների բանակցությունները շարունակվում են, երկու կողմերը մոտ են համաձայնության հասնելուն, սակայն բրիտանական մայրաքաղաքում տեղի ունեցած արտակարգ պատահարի ֆոնին քաղաքական գործիչների որեւիցե հայտարարությունն այժմ տեղին չի լինի:
Այսպիսով, ձեռք բերված գործարքի արդյունքների հրապարակումը կարող Է հետաձգվել մինչեւ հաջորդ շաբաթ, ինչը կարող Է հանգեցնել «Բրյուսելի հետ Brexit-ի շուրջ բանակցությունների մեկնարկի ուշացման», նշում Է BBC-ն:
Բրիտանացի պահպանողականները հունիսի 14-ին վերսկսել են ԴՅԿ-ի հետ բանակցությունները Համայնքների պալատում թորիների փոքրամասնության կառավարությանն աջակցության համաձայնագրի կնքման հարցի շուրջ: Reuters գործակալության աղբյուրի տվյալներով՝ կուսակցությունների միջեւ գործարքը կարող Է կնքվել «մոտ ժամանակներս», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: