Պուտին. Ստալինի ավելորդ հրեշացումը Ռուսաստանի վրա հարձակվելու փորձ է
International newsՍտալինի ավելորդ հրեշացումը Ռուսաստանի վրա հարձակվելու փորձ է: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այս մասին ասել է ռեժիսոր Օլիվեր Սթոունին՝ «Հարցազրույց Պուտինի հետ» վավերագրական ֆիլմի շրջանակում, փոխանցում է RNS-ը:
«Ես կարծում եմ, որ Ստալինն իր ժամանակաշրջանի արդյունքն էր: Մեկը կարող է նրան հրեշացնել, իսկ մեկը խոսել նացիզմի դեմ հաղթանակում նրա վաստակի մասին», ասել է նա:
«Ինչ վերաբերում է նրա հրեշացմանը... Անգլիայի պատմության մեջ այսպիսի գործիչ է եղել՝ Օլիվեր Կրոմվել: Կրոմվելն արյունարբու մարդ էր: Հեղափոխական էր, վերափոխվեց բռնապետի եւ բռնակալի: Նրա հուշարձանները սփռված են ամբողջ Անգլիայով մեկ: Նապոլեոնին ընդհանրապես պաշտում են: Ի՞նչ է նա արել: Նա ոչ միայն միապետությունն է վերականգնել, այլեւ իրեն է կայսր հռչակել, եւ Ֆրանսիան բերել է խոշորագույն ազգային աղետի: Եվ համաշխարհային պատմության մեջ այսպիսի անհատները, այսպիսի իրադարձություններն առավել քան բավարար են:
Ինձ թվում է Ստալինի ավելորդ հրեշացումը ԽՍՀՄ-ի եւ Ռուսաստանի վրա հարձակվելու միջոց է: Այսպիսի միջոց է ցույց տալը, որ Ռուսաստանը կրում է ստալինիզմին հարազատ հետքերը: Բայց մենք բոլորս կրում ենք ինչ-որ հարազատ հետքեր: Եվ ի՞նչ»,- հայտարարել է Պուտինը: «Սակայն սա չի նշանակում, որ մենք պետք է մոռանանք այն բոլոր սարսափները, որոնք կապված են աքսորավայրերի եւ մեր միլիոնավոր հայրենակիցների բնաջնջման հետ»,- եզրափակել է Պուտինը: