Իրանը, Թուրքիան և Քաթարը համագործակցում են քրդերի դեմ. քուրդ գործիչ Սալիհ Մուսլիմ
International newsՍիրիայի քրդերի «Դեմոկրատական միություն» կուսակցության (PYD) համանախագահ Սալիհ Մուսլիմը հայտարարել է, որ Իրանը, Թուրքիան և Քաթարը համագործակցում են քրդերի դեմ իրենց գործողություններում և որ այդ «դաշինքի» պատճառով քուրդ ժողովուրդը տառապել է երկար ժամանակ և շարունակում է տառապել:
«Այդ միությունը 2012թ.-ից ի վեր դարձել է բազմաթիվ մարդկանց մահվան պատճառ», - ասել է Մուսլիմը՝ հավելելով, որ քրդերի պայքարն այս դաշինքի դեմ երկարատև է ու ցավերով լի:
Ինչպես գրում է քրդական Rudaw կայքը, Մուսլիմը նաև նշել է, որ իրենք չեն համագործակցում Բաշար ալ Ասադի ռեժիմի հետ, այլ միայն աջակցում են Սիրիայի ժողովրդին:
Նշենք, որ անցյալ տարվա նոյեմբերին Անկարայի գլխավոր դատախազությունը ստորագրել է Սալիհ Մուսլիմի ձերբակալության վերաբերյալ հրամանը: Սալիհ Մուսլիմը, ինչպես նաև YPG/PYD-ի մի շարք այլ անդամներ մեղադրվում են 2016թ.-ի փետրվարի 17-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպման համար:
Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին Անկարայում ԶՈՒ գլխավոր շտաբի հանրակացարանի մոտ պայթյուն էր որոտացել։ Դրա հետևանքով զոհվել էր մոտ 30 մարդ, վիրավորվել՝ 61-ը։
Պայթյունի պատճառը եղել է ականապատված ավտոմեքենան։ Զոհերը հիմնականում զինվորականներ են եղել։