Պետք է տրամադրված լինել լավատեսությամբ... Է. Նալբանդյան
PoliticsԻնչպես արդեն հայտնել էինք, ԱԺ-ում շարունակվում են 2016-ի բյուջեի կատարման հաշվետվության քննարկումները, որի ժամանակ «Ծառուկյան դաշինքի» պատգամավոր Վահե Էնֆիաջյանը դժգոհեց դիվանագետների աշխատանքից: Հիշեցնենք, որ նախարարը ոչ վաղ անցյալում բարձր էր գնահատել դրանք:
«Ձեր խոսքերից մեր իրականության ոչ մի բան չի փոխվում: Այն, որ հրադադարի ռեժիմը մենք պետք է պահպանենք, ամենաբարձր ատյաններով դրա մասին խոսում ենք, ներկայացնում ենք, այնուամենայնիվ, իրականության մեջ դրանից ոչ մի բան չի փոխվում: Մեր սահմանների բացման հետ կապված, նոր գործարկումներ իրականացնելու, տարածաշրջանում մեր դերակատարումը մեծացնելու հետ կապված առանցքային մեկ-երկու ի՞նչ դեպքի մասին կարող եք խոսել: Ես հասկանում եմ, որ Դուք բարձր կարգի դիվանագետ եք եւ յուրաքանչյուր հարցի հետ կապված կարող եք պատասխան տալ, բայց մեր իրականությունը պետք է փոխվի, մարդիկ պետք է շոշափելի զգան իրենց վրա, չէ՞»,-ասաց Վ. Էնֆիաջյանը:
Հարցին ի պատասխան՝ Է. Նալբանդյանը նշեց. «Կարելի է փիլիսոփայական տարբեր բաներ ասել՝ էս ինչի չի արվում, էն ինչի չի արվում: Թուրքիային պետք է ստիպել ոչ թե դիվանագիտական հարաբերություններ հաստատելով կամ սահմաներ բացելու միջոցով, այլ պետք է ստիպել, որ ինքը ճանաչի հայոց ցեղասպանությունը եւ պետք է ստիպել: Ստիպե՛ք, գնացեք ստիպեք, տեսնեմ ո՞նց եք ստիպելու: Այսինքն, մենք կարող ենք այդ աշխատանքը կատարել այն իմաստով, որ ոչ թե մենակներս էդ անենք, ինչպես Ղարաբաղի հարցում է, որպեսզի միջազգային հանրությունը մեզ միանա, իսկ այսօր միացել է միջազգային հանրությունը եւ դա ձեռքբերում է, քայլեր են ձեռնարկվել դիվանագիտության կողմից: Ինչ վերաբերում է սահմանի բացմանը, ապա կարող եմ հիշեցնել ԱԺ-ում հայ-թուրքական հարաբերությունների քննարկումները: Շատերն ասում էին՝ մեզ պետք չի սահմանի բացումը: Մյուսներն էլ ասում էին՝ ինչին է պետք իրանց հետ բանակցել: Բանակցել պետք է բոլորի հետ, միայն երկխոսության, բանակցությունների միջոցով են հարցերը լուծվում: Եթե դիվանագիտությունը որոշի, որ դռներ է փակում, չի վարելու երկխոսություն, դա արդեն դիվանագիտություն չէ: Պետք է տրամադրված լինել լավատեսությամբ, այլ ոչ թե հոռետեսությամբ եւ ասել՝ վա՜յ, էս ինչ վատ է ամեն ինչը եւ Կիկոսի մահն է, վաղը, մյուս օրը ավելի վատ կլինի: Այդպես չէ: Մենք մեր հնարավորություններին համապատասխան մեր ոտքն ենք մեկնում եւ ձեռքն ենք մեկնում եւ որոշ արդյունքների հասնում ենք, ոչ իրատեսական քաղաքականությամբ մենք շատ բանի չենք հասնի»: