Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է Բաստիլի գրավման օրը Մակրոնի դեմ մահափորձ պատրաստող տղամարդու
International newsՓարիզի արվարձաններից մեկում ոստիկանները ձերբակալել են 23-ամյա տղամարդու, ով մահափորձ էր պատրաստում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դեմ: Այդ մասին հայտնում է AFP գործակալությունը:
Չարագործը պատրաստվում էր հարձակումն իրականացնել հուլիսի 14-ին՝ Ելիսեյան դաշտերում Բաստիլի գրավման օրվան նվիրված ռազմական շքերթի ժամանակ:
Կասկածյալին հայտնաբերել հաջողվել է համացանցի օգտատերերի զգոնության շնորհիվ, որոնք հայտնել են ոստիկանությանը, որ ցանցային խաղերից մեկի մասնակիցն ակտիվ հետաքրքրում է Կալաշնիկով տեսակի զենքի գնմամբ:
Իրավապահ մարմինների աշխատակիցները հայտնաբերել են պոտենցիալ գնորդին և ձերբակալել նրան: Ձերբակալության ժամանակ չարագործը փորձել է դիմադրել՝ սպառնալով ոստիկաններին դանակով:
Հարցաքննության ժամանակ տղամարդը հայտնել է, որ պատրաստվում էր մահափորձ իրականացնել Մակրոնի դեմ հանուն «քաղաքական ակցիայի»: Նա, բացի այդ, հայտարարել է «սևամորթներին, արաբներին, հրեաներին և միասեռականներին» սպանելու ցանկության մասին: Իրեն նա բնութագրել է որպես ազգայնական: