Ամերիկացի հոգեբույժները հայտարարել են, որ Թրամփը հոգեկան լուրջ հիվանդություն ունի ու չի կարող պաշտոնավարել
International newsՄի խումբ առաջատար ամերիկացի հոգեբույժներ հեղինակավոր Յեյլի համալսարանում մամուլի ասուլիս են կազմակերպել, որի ժամանակ հայտարարել են, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հոգեկան հիվանդություն ունի ու, ըստ այդմ, չի կարող զբաղեցնել երկրի ղեկավարի պաշտոնը:
Ինչպես նշում է The Independent-ը, հոգեկան առողջության գծով մասնագետների պնդմամբ՝ նախագահը պարանոյիկ է ու խելագար, ուստի՝ նրանք իրենց պարտքն են համարում տեղյակ պահել ամերիկացի ժողովրդին Թրամփի՝ երկրի համար ներկայացրած վտանգի մասին:
«Մենք մեր պարտքն ենք համարում հանրությանը տեղյակ պահել Դոնալդ Թրամփի վտանգավոր հոգեկան հիվանդության մասին: Նա ոչ միայն սուտասան ու ինքնասիրահարված անձ է, այլև, ի լրումն դրա, նաև պարանոյիկ, խելագար»,-ասել է պրոֆեսոր Ջոն Գարթները:
Մեկ այլ հոգեբույժ՝ Բրենդի Լին նկատել է, որ Թրամփի հոգեկան խնդիրները չնկատելը նույնն է, ինչ փոքր սենյակում փղին չտեսնելը:
«Իմ պրակտիկայում ես աշխատել եմ ԱՄՆ-ի ամենավտանգավոր հոգեկան հիվանդների՝ բռնաբարողների, մարդասպանների ու մոլագարների հետ: Ուստի՝ կարող եմ վտանգավոր վարքով մարդկանց նկատել մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Բայց, կարծում եմ, որ Թրամփի պարագայում պետք չէ մասնագետ լինել, որպեսզի հասկանաս, թե նա որքան վտանգավոր մարդ է»,-նշել է հոգեբույժ Ջեյմս Ջիլիգանը: