ՖԻՖԱ-ն պաշտոնապես հրապարակել է 2014 թվականի աշխարհի 10 լավագույն մարզիչների անունները: «Տարվա մարզիչ» մրցանակի հավակնորդներն են աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականի գերմանացի մարզիչ Յոահիմ Լյովը, Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալը» գլխավորող իտալացի Կարլո Անչելոտին, Իսպանիայի չեմպիոն «Աթլետիկոն» ներկայացնող արգենտինացի Դիեգո Սիմեոնեն,Իտալիայի հավաքականի իտալացի մարզիչ Անտոնիո Կոնտեն, գերմանական «Բավարիայի» իսպանացի մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, ԱՄՆ-ի հավաքականի գերմանացի մարզիչ Յուրգեն Կլինսմանը, «Չելսիի» պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոն, «Մանչեսթեր Սիթիի» չիլիացի մարզիչ Մանուել Պելեգրինին, Արգենտինայի հավաքականի արգենտինացի մարզիչ Ալեխանդրո Սաբելյան, Հոլանդիայի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» հոլանդացի մարզիչ Լուի վան Գալը: 2014 թվականի լավագույն մարզչի անունը պարզ կդառնա 2015-ի հունվարի 12-ին Ցյուրիխում կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ: Նշենք, որ 2013-ի «Տարվա մարզիչ» էր ճանաչվել գերմանացի Յուպ Հայնկեսը, ով աշխատում էր Մյունխենի «Բավարիայում»: