Թուրքիայի փոխվարչապետը քաղաքացիներին կոչ է արել հանդուրժող գտնվել սիրիացի ներագաղթյալների հանդեպ
International newsԹուրքիայի փոխվարչապետ Վեյսի Քայնաքը, մեկնաբանելով վերջին շրջանում Թուրքիայում սիրիացի ներգաղթյալների դեմ ինտենսիվացած հարձակումները, կոչ է արել ժողովրդին դրսևորել հանդուրժողականություն, գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը:
Օրեր առաջ սոցցանցերից մեկում Անկարայում սիրիացի ներգաղթյալներից մեկի կողմից 5 տարեկան թուրք աղջկա բռնաբարության մասին լուրը պատճառ էր դարձել սիրիացի ներգաղթյալների դեմ նոր զանգվածային հարձակումների, որոնց արդյունքում մեկ մարդ էր վիրավորվել:
Նախօրեին էլ Ստամբուլի Ուսքյուդար շրջանում լուրջ բախումներ են սկսվել սիրիացի ներգաղթյալների և տեղի բնակիչների միջև: Ըստ նախնական վարկածի՝ բախումները սկիզբ են առել սիրիացի ներգաղթյալի և տեղացիներից մեկի վեճից։ Բնակիչները պատմել են, որ սիրիացիներից մեկը վիրավորական արտահայտություն է արել թաղամասի թուրք կանանցից մեկի հասցեին, որին պաշտպանել են մյուս բնակիչները։ Սկսված ծեծկռտուքը վերաճել է մեծ կռվի, որին մասնակցել են նաև թաղամասի մյուս բնակիչները։ Բարկացած բնակիչները ոստիկաններին մեկ շաբաթ ժամանակ են տվել և պահանջել սիրիացիներին դուրս հանել թաղամասից, այլապես սպառնացել են մեծ աղմուկ բարձրացնել և ավերել նրանց տները։
Փոխվարչապետ Քայնաքը նշել է, որ վերջին շրջանում սիրիացիների դեմ թշնամական տրամադրությունները կտրուկ աճել են հասարակության մեջ, ինչը մտահոգիչ է:
«Մենք հասկանում ենք մեր հասարակության մտահոգությունները: Ոչ ոք իրավունք չունի հանցանքներ գործել, մեր մշակույթին ու օրենսդրությանը հակասող քայլեր անել այստեղ: Սակայն կոչս սա է. չմոռանանք, որ նրանք ժամանակավոր են այստեղ և Թուրքիան նրանց հյուրընկալել է մեծ անձնազոհության հաշվին»:
Միևնույն ժամանակ Քայնաքը ընդգծել է, որ մի շարք քաղաքներում սիրիացի ներգաղթյալները կարևոր աշխատուժ են ներկայացնում իրենցից, ըստ փոխվարչապետի՝ թուրքական բազմաթիվ գործարանների աշխատանքը կանգ կառնի, եթե Ադանայի, Այնթապի կամ նույնիսկ Անկարայի գործարաններում աշխատող հազարավոր սիրիացիներ հեռանան այդտեղից: