Էրդողանի հետ համաձայնության չկարողացանք գալ. Մերկել
International newsԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, խոսելով Գ20 գագաթնաժողովի շրջանակներում իր և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առանձնազրույցի մասին, հայտնել է, որ առանցքային խնդիրների շուրջ Էրդողանի հետ համաձայնության իրենք այդպես էլ չեն եկել։
Ինչպես փոխանցում է gazeteduvar.com.tr կայքը, Մերկելը, մասնավորապես, նշել է, որ բազմաթիվ հարցերում իրեն և Էրդողանին չի հաջողվել հաղթահարել ունեցած լուրջ տարաձայնությունները։
Նշենք, որ Էրդողանը Համբուրգ կատարած այցի ժամանակ վեճի է բռնվել գերմանական հեղինակավոր Die Zeit պարբերականի խմբագրի հետ։
Էրդողանն ի պատասխան թուրք-գերմանական հարաբերություններում առկա ճգնաժամի մասին գերմանացի լրագրողի տված հարցին մեղադրել է գերմանական մամուլին և նշել, որ վերջիններս ուղղորդված կերպով Թուրքիայի դեմ հատուկ արշավ են ծավալում, ավելին՝ համագործակցում Թուրքիայի դեմ գործող ահաբեկիչների հետ։
«Դուք ինձ հարցնում եք, թե ինչո՞ւ ենք մենք ձեզ բռնակալ անվանում։ Որովհետև աշխարհի ոչ մի երկրում ճաղերի ետևում այդքան լրագրող չկա, որքան Թուրքիայում։ Որովհետև Թուրքիայում կան Դենիզ Յուջելն ու Մեշալե Թոլուն, որոնք դեռ անազատության մեջ են և ոչ ոք չգիտի՝ ինչու։ Որովհետև տասնյակ հազարավոր մարդիկ կորցրեցին իրենց աշխատանքը՝ հեղաշրջման փորձին մասնակցության կասկածանքով։ Որովհետև ձեր հետախուզությունը լրտեսության փորձ էր արել գերմանացի խորհրարանականների դեմ։ Սրանք ձեզ բռնակալ անվանելու պատճառներից միայն մի քանիսն են», - ասել է գերմանացի լրագրողը։