Այսօր տեսնում էի ավելի շատ ընդդիմադիր երեւալու մրցավազք. Շարմազանով
PoliticsԱյսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում էր ԿԸՀ-ի 2016-ի գործունեության մասին հաղորդումը, որի ժամանակ ելույթ ունեցավ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Անդրադառնալով ԿԸՀ-ի աշխատանքներին՝ նա նշեց, որ իրականում լուրջ բարեփոխումներ են իրականացվել:
«Եթե ամբողջական ներկայացնենք թե՛ դիտորդական առաքելությունների ներկայացուցիչների, թե՛ ընտրություններից հետո պառլամենտական մանդատ ունեցող ուժերի գնահատականները, պետք է արձանագրենք, որ ԿԸՀ-ն կարողացել է իրեն վերապահված իրավունքները լավ իրականացնել: Հանձնաժողովը, ըստ իս, ապահովել է լիակատար թափանցիկություն, չի եղել մի դիմում, որին չարձագանքի: Յուրաքանչյուր գործընթացի վերաբերյալ գնահատական տալիս են արդյունքները»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ եղել են միջազգային դիտորդական առաքելություններ, որոնք տվել են եզրակացություններ, օրինակ՝ ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ն ասում է, որ ընտրությունները լավ էին կազմակերպված, մյուսներն էլ են վկայել, որ ընտրությունները եղել են ժողովրդավարական:
«Իսկ այստեղ լսում ենք՝ խայտառակ ընտրախախտումներ են եղել, ապրիլից հետո ես նման բան չէի լսել՝ ո՛չ «Ելք», ոչ «Ծառուկյան» դաշինքներից…Ես այսօր տեսնում էի ավելի շատ ընդդիմադիր երեւալու մրցավազք: Չի կարելի: Երբ ասում եք՝ ՀՀԿ-ն հանցագործ է եւ այլն, նախ պետք է կոռեկտություն ունենալ գործընկերների նկատմամբ, մենք թույլ չենք տվել մեզ երբեք նման բան անել»,-ասաց նա, ապա հիշեցրեց, որ ՀՀԿ-ն է այն ուժը, որը քաղաքական կամք դրսեւորելով՝ գնաց ընտրական գործընթացների ու Ընտրական օրենսգրքի փոփոխության»,- ասաց ԱԺ փոխնախագահը: