Թուրքիայի ամենահեղինակավոր համալսարաններից մեկում խուզարկություններ են անցկացվել
International newsԹուրքիայի ամենախոշոր համալսարաններից Բողազըջըում ոստիկանությունը խոշոր գործողություն է անցկացրել, որի արդյունքում ստորագրվել է 7 ակադեմիկոսի և 1 պրոֆեսորի ձերբակալման օրդեր։ Նրանց թվում կան հեղինակավոր թուրք գիտնականներ։ Այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը»։
Հայտնի է, որ գիտնականները մեղադրվում են անցյալ տարվա հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի գլխավոր կազմակերպիչը համարվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» կրոնական խմբավորման հետ կապեր ունենալու համար։
Հիշեցնենք, որ 2016թ.-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում: