Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն երկրի փոխվարչապետ է նշանակվել
International newsՎրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն նշանակվել է երկրի փոխվարչապետ: Այդ մասին այսօր կառավարության նիստի ընթացքում հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, գրում է Новости Грузия-ն:
Ինչպես նշել է վարչապետը, շատ կարևոր է, որ երկրի առաջնահերթությունների թվում է արտաքին ուղղությունը:
«Դա միշտ է եղել առաջնահերթ, իսկ այժմ մենք կարծում ենք, որ ևս մեկ անգամ կընդգծվի մեր արտաքին առաջնահերթությունների կարևորությունը Վրաստանի ապագայի կառուցման գործում: Միխեիլ Ջանելիձեն շատ հաջող քայլեր է իրականացրել: Վիզային ազատականացման գործընթացի բարեհաջող ավարտը շատ կարևոր էր, և այդ ուղղությամբ աշխատանքի առյուծի բաժինն իրականացրել է ԱԳՆ-ն»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին՝ նշելով, որ արտաքին ուղղության ընդգրկումը երկրի առաջնահերթությունների թվում նաև օգուտ կտա երկրի եվրոպական և հյուսիսատլանտյան ինտեգրման գործում:
Կվիրիկաշվիլին նաև Վրաստանի էներգետիկայի նախարար է նշանակել Իլյա Էլոշվիլիին, որը 2012 թվականից զբաղեցնում էր էներգետիկայի նախարարի առաջին տեղակալի պաշտոնը:
Էներգետիկայի նախարարի պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ Կախա Կալաձեն ներկայացվել էր որպես Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու: