Թուրքիան երես է թեքում ՆԱՏՕ-ից` նախընտրելով ձեռք բերել ռուսական С-400 համակարգերը. Bloomberg
International newsԹուրքիան համաձայնել է 2.5 մլրդ դոլար վճարել ռուսական С-400 հակահրթիռային պաշտպանության համակարգերը ձեռք բերելու համար:
Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը` հղում անելով թուրք բարձրաստիճան պաշտոնյայի, ում տվյալներով` Թուրքիան մտադիր է հաջորդ տարի Ռուսաստանից երկու С-400 հրթիռային մարտկոց ստանալ: Նույնքան համալիր էլ նախատեսվում է ավելի ուշ կառուցել հենց Թուրքիայում:
ՌԴ զինտեխնիկայի արտահանմամբ զբաղվող ընկերության` «Ռոսոբորոնէսպորտի» ներկայացուցիչը նշել է, որ դեռևս չի կարող մեկնաբանել Թուրքիայի հետ գործարքի մանրամասները:
Ինչպես նշում է գործակալությունը, այս գործարքն ազդարարում է, որ Թուրքիան երես է թեքում ՆԱՏՕ-ից, որի հետ համագործակցել է ավելի քան վեց տասնամյակ:
Աղբյուրը նկատում է, որ նախկինում ևս Թուրքիան պատրաստ էր կնքել այդ գործարքը, բայց այն իրականություն դարձավ ՆԱՏՕ-ի դիրքորոշման պատճառով: Անկարան նաև ստիպված է եղել հրաժարվել Չինաստանից նման համակարգեր ձեռք բերելու մտքից` Վաշինգտոնի ճնշման պատճառով:
Գործակալության աղբյուրը նաև նշել է, որ թեև ռուսական համակարգերը համատեղելի չեն ՆԱՏՕ-ի սպառազինության հետ, Թուրքիան դրանք կարող է տեղակայել այնպիսի տարածաշրջաններում, որտեղ ՆԱՏՕ-ի ղեկավարության որոշմամբ որոշակի սահմանափակումներ են գործում. այդպիսի տարածքների թվում են Հայաստանի և Հունաստանի հետ սահմանը, Էգեյան ծովի ափերը: