ԱՄՆ-ում մեկնաբանել են Իրաքյան Քուրդիստանի անկախության հարցով հանրաքվեի հնարավոր անցկացումը
International news«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի գծով ԱՄՆ ներկայացուցիչ Բրեթ ՄքԳերկը մեկնաբանել է Իրաքյան Քուրդիստանի հնարավոր անկախության հարցով հանրաքվեն։
Ինչպես հայտնում է gazeteduvar.com.tr կայքը, ամերիկացի պաշտոնյան հայտարարել է, որ ներկա պահին ճիշտ և հարմար չի գտնում Քուրդիստանի անկախացումը, և կարծում է, որ դա կարող է նոր խնդիրներ ստեղծել տարածաշրջանում։
ԻՊ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիայի անդամ 72 երկրի ներկայացուցիչների՝ Վաշինգտոնում կայացած համաժողովի ընթացքում ՄքԳերկը շեշտել է, որ քրդական հանրաքվեն ճիշտ ժամանակին չէ պլանավորված։
Նշենք, որ Իրաքի քրդերը հանրաքվեի կգնան այս տարվա սեպտեմբերի 25-ին: Դրանից հետո նախատեսվում է խորհրդարանական ընտրություններ կազմակերպել նոյեմբերի 6-ին:
Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանին ֆրանսիական France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ եթե իրաքցի քրդերի անկախության վերաբերյալ հանրաքվեն խոչընդոտվի՝ դա կդառնա նոր արյունալի պատերազմի պատճառ:
Ավելի վաղ Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին, պատասխանելով Մասուդ Բարզանիի հայտարարությանը, հիշեցրել է քրդերին, որ նման բաժանման համար նրանք ոչ այնքան բարենպաստ տարածաշրջանում են ապրում:
Իսկ ահա Թուրքիայի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ Անկարան Իրաքյան Քուրդիստանի սպասվող հանրաքվեն սարսափելի սխալ է որակել: