Իրանի գլխավոր հրամանատարը սպառնացել է տարածաշրջանում ամերիկյան ուժերին նոր պատժամիջոցների սահմանման դեպքում
International newsԻրանի զինված ուժերի գլխավոր հրամանատար Մոհամադ Բաղերին սպառնացել է տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաներին և ուժերին, եթե ԱՄՆ-ն Իրանի Իսլամական հեղափոխության պահակախումբը ներառի ահաբեկչական ցանկում, հայտնում է Al Arabiya-ն:
Բաղերին Մաշադ քաղաքում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ Հեղափոխության պահակախումբը ահաբեկչական ցանկում ներառելը կարող է թանկ նստել Միացյալ Նահանգների և տարածաշրջանում նրա ռազմաբազաների և ուժերի վրա:
Նա նախազգուշացրել է նաև կոնգրեսական օրենսդիրներին Իրանի հրթիռային ծրագրի նկատմամբ նոր պատժամիջոցների հետևանքների մասին:
Գեներալ Բաղերին իր ելույթում նշել է, որ «Իրանի հրթիռային հնարավորությունները պաշտպանական են և բանակցությունների առարկա չեն»:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Սպիտակ տունը նախազգուշացրել է, որ Թեհրանը շարունակում է սպառնալիք ներկայացնել տարածաշրջանային անվտանգության համար:
Ինչպես նշում է Reuters-ը, Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները մանրամասնել են, որ Իրանի դեմ նախապատրաստվում են նոր տնտեսական պատժամիջոցներ, ինչը կապված է երկրի բալիստիկ հրթիռային ծրագրի զարգացման հետ:
Պաշտոնյաների փոխանցմամբ՝ թեև Թեհրանը կատարում է միջուկային համաձայնագրի պահանջները, այնուհանդերձ, նախագահ Թրամփն ու պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը համարում են, որ «Իրանն ԱՄՆ շահերի համար ամենալուրջ վտանգը ներկայացնող երկրներից է»:
Ամերիկյան կողմն Իրանին մեղադրում է բալիստիկ հրթիռային համակարգը զարգացնելու, ապստամբներին ու ահաբեկիչներին աջակցելու, Սիրիայում իրականացված բռնություններին մասնակցելու համար: