Շատ հիասթափված եմ Չինաստանից. Թրամփ
International newsՄիացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է, որ շատ հիասթափված է Չինաստանից, քանի որ այդ երկիրը ոչինչ չի անում Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակի կարգավորման ուղղությամբ:
«Շատ հիասթափված եմ Չինաստանից: Մեր նախկին հիմար ղեկավարները նրանց թույլ են տվել առևտրի միջոցով տարեկան հարյուր միլիարդավոր դոլարներ աշխատել, բայց նրանք մեզ համար ոչինչ չեն անում Հյուսիսային Կորեայի հարցը լուծելու համար: Նրանք միայն խոսում են այդ մասին: Մենք այլևս դա չենք շարունակի: Չինաստանը կարող է հեշտությամբ լուծել այդ խնդիրը»,-գրել է Թրամփը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը նոր բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովում Հոկայդո կղզու ուղղությամբ։ Նշվում է, որ Փհենյանի կողմից բալիստիկ հրթիռի գիշերային փորձարկում առաջին անգամ է իրականացվել։ Դեպքի առնչությամբ Ճապոնիայի և Հարավային Կորեայի ազգային անվտանգության խորհուրդների ներկայացուցիչները պատրաստվում են արտահերթ նիստ անցկացնել։
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ «Հվասոն-14» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի բարեհաջող փորձարկումներն «ԱՄՆ-ին ուղղված խիստ նախազգուշացում» են և ևս մեկ անգամ ապացուցում են երկրի կարողությունը՝ հրթիռային արձակումներ իրականացնել ցանկացած կետից՝ ցանկացած պահի։
Նշենք, որ վերջին տարիներին Հյուսիսային Կորեան ակտիվորեն զարգացնում է իր միջուկային ծրագիրն ու պարբերաբար բալիստիկ հրթիռների արձակումներ իրականացնում՝ շարժելով Արևմուտքի զայրույթը:
Պաշտոնական Փհենյանը բազմիցս հայտարարել է, որ սադրանքի դեպքում պատրաստ է երկրի երեսից ջնջել ԱՄՆ-ն: