Ադրբեջանի նպատակն է իր նկրտումներին հասնել միջազգային հանրության աջակցությամբ, ոչ թե ռազմական պոտենցիալով. քաղաքագետ
PoliticsTert.am-ը գրում է .
2014թ-ից մինչ օրս Ադրբեջանը հստակ մարտավարություն է ընտրել՝ սահմանը պահել լարված վիճակում և դրանով փորձել Լեռնային Ղարաբաղի հարցը մշտապես շահարկել. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«Ընդհանրապես ունենք քաղաքական այնպիսի իրավիճակ, երբ Ադրբեջանի նպատակն է իր շահերը ստանալ կամ նկրտումներին հասնել միջազգային հանրության աջակցության միջոցով և ոչ թե իր ներպետական, առավել ևս ռազմական պոտենցիալով»,-ասաց նա:
Ըստ Մելիք-Շահնազարյանի՝ այսօր ոչ թե կանխատեսում ենք սահմանին լարվածությունը, այլ փաստում ենք լարված իրավիճակի առկայությունը՝ ժամանակ առ ժամանակ կրակոցներով և դիվերսիոն ներթափանցման փորձերով:
Քաղաքագետը համաձայն չէ այն տեսակետի հետ, որ հաշվի առնելով օրերս Ադրբեջանի ԱԳՆ և ՊՆ տարածած համատեղ հայտարարությունը, թե իբր Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները գնդակոծել են ադրբեջանական մարտական դիրքերը, ինչպես նաև խաղաղ բնակավայրերը` Բաքուն փոխել է մարտավարությունը՝ իրեն դնելով «զոհի» կարգավիճակում:
«Ոչ թե մարտավարություն են փոխել, այլ իր ռազմական գործողություններն արդարացնելու ձև է, որովհետև առաջին անգամ չէ, որ պաշտոնական գերատեսչությունը մեղադրում է հայկական կողմին հրադադարի ռեժիմը խախտելու համար, և դրան հետևում են ինտենսիվ գործողությունները սահմանի ողջ երկայնքով ոչ միայն Արցախի Հանրապետության հետ, այլ նաև՝ Հայաստանի Հանրապետության»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ նման հայտարարությանը հետևել էր Հայաստանի Պաշտպանության նախարարության կոշտ պատասխանը, թե հայկական բանակը չի խախտում հրադադարը, չի արձակել ոչ մի կրակոց և որևէ սադրանքի դեպքում Ադրբեջանը կստանա կոշտ պատասխան:
Իսկ թե դա հիմք տալի՞ս է կարծելու, որ Ադրբեջանը ծրագրում է հերթական ինչ-որ սադրանք, քաղաքագետը նշեց, թե ըստ էության այստեղ որևէ նորություն չկա:
«Մենք պետք է զգոն լինենք և թույլ չտանք, որ հանկարծ միջնորդները կամ միջազգային հանրությունը հավատան, որ հայկական կողմն է առաջինը խախտում հրադադարի պահպանման ռեժիմը: Իհարկե, մեծ հաշվով դժվար էլ չէ դա փաստել, որովհետև բոլորը հասկանում են, որ նման կերպ դրսևորելու շարժառիթներ հայկական կողմը չունի, նման լարվածությունը սահմանին Ադրբեջանին է պետք, դա բոլորը հասկանում են, և երբ Ադրբեջանը փորձում է իր վրայից հանել պատասխանատվությունը՝ ինքը նաև ինչ-որ չափով իրեն ծիծաղելի դրության մեջ է գցում»,-ասաց նա: