Թիլերսոն․ Վաշինգտոնի ու Մոսկվայի հարաբերությունները շարունակում են լարված մնալ
International newsԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը ծրագրում է օգոստոսի 5-6-ը Մանիլայում հանդիպել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Նրա խոսքով Վաշինգտոնի ու Մոսկվայի հարաբերությունները շարունակում են «զգալի սթրես» ապրել։ Նա ափսոսանք է հայտնել երկկողմանի հարաբերությունների վիճակի կապակցությամբ՝ նշելով, որ դրանք վատացել են, ինչի մասին են վկայում ամերիկյան դիվանագետների նկատմամբ Մոսկվայի սահմանափակումները։
Թիլերսոնը նշել է, որ ոչ ինքը, ոչ նախագահ Դոնալդ Թրամփը գոհ չեն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծից, որը հաստատվել է Կոնգրեսի կողմից։ Սակայն, նրա խոսքով, դա խոսում է այն մասին, որ ամերիկացիները հիասթափված են Մոսկվայից, չնայած ուզում են Ռուսաստանի հետ ավելի արդյունավետ հարաբերություններ ունենալ։ Այդուհանդերձ Մոսկվան ու Վաշինգտոնը նույն շահերն ունեն ահաբեկչության դեմ պայքարի հարցում։