Վրաստանի նախագահը Սաակաշվիլիից քաղաքացիություն ստանալու պաշտոնական դիմումի է սպասում
International newsՎրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիից քաղաքացիություն ստանալու պաշտոնական դիմումի է սպասում: Այդ մասին նա ասել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, գրում է Грузия Online-ը:
«Կար մի բացառություն, երբ Սաակաշվիլին հրաժարվեց Վրաստանի քաղաքացիությունից, և դա ինձ դուր չեկավ, երբ նա Ուկրաինայի քաղաքացիության դիմաց հրաժարվեց Վրաստանի քաղաքացիությունից: Դուր չեկավ, և ես այդ ժամանակ էլ ասացի, որ նախագահը, ով երկու անգամ եղել է երկրի նախագահ, գլխավոր հրամանատար, պետք է այնքան հարգի իր երկրի քաղաքացիությունը, որ չհրաժարվի դրանից: Թե ինչ կորոշի Միխեիլ Սաակաշվիլին այդ առնչությամբ, և, համապատասխանաբար, ինչպիսին կլինի իմ պատասխանը, կտեսնեք՝ ելնելով նրանից, թե ինչ է որոշել ինքը՝ նախագահ Սաակաշվիլին, կդիմի՞ արդյոք նա քաղաքացիություն տրամադրելու խնդրանքով»,- հայտարարել է Գեորգի Մարգվելաշվիլին:
Վրաստանի նախագահի խոսքով՝ նա չի քննադատում Միխեիլ Սաակաշվիլիին, քանի որ երկիրը պետք է առաջ գնա և ապրի ապագայով:
«Հինգ տարի ես ընդհանրապես չեմ քննադատել Սաակաշվիլիին, և հավանաբար այն պատճառով, որ 10 տարի հնարավորություն եմ ունեցել ընդդիմանալ Սաակաշվիլիին: Այսօր նրանք, ովքեր 10 տարվա ընթացքում ձայն չեն հանել, զբաղված են Սաակաշվիլիի քննադատությամբ: Ես չեմ քննադատում Սաակաշվիլիին և նրա հետ բանավեճի մեջ չեմ, քանի որ կարծում եմ, որ երկիրը պետք է ապրի ապագայով»,- հայտարարել է Վրաստանի նախագահը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ուկրաինայի Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ում զրկել են Ուկրաինայի քաղաքացիությունից, հայտարարել է, որ չի պատրաստվում ստանալ այլ երկրների քաղաքացիություն, քանի որ իրեն համարում է Ուկրաինայի քաղաքացի:
Հուլիսի 26-ին Ուկրաինայի միգրացիոն ծառայությունը հայտնել է, որ երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոն Սաակաշվիլիին քաղաքացիությունից զրկելու մասին հրամանագիր է ստորագրել: Ինչպես նշել են Ուկրաինայի նախագահի աշխատակազմում, Վրաստանի նախկին նախագահը զրկվել է քաղաքացիությունից այն ստանալու ժամանակ կեղծ տվյալներ տրամադրելու պատճառով: Նա, մասնավորապես, նշել է, որ քննության տակ չի գտնվում ո՛չ Ուկրաինայում, ո՛չ որևէ այլ պետությունում, սակայն իրականում Սաակաշվիլին հեռակա կարգով կալանավորված է Վրաստանում: