Վենեսուելայի ընդդիմության առաջնորդին բանտից վերադարձրել են տնային կալանքի
International newsՎենեսուելայի ընդդիմության առաջնորդ Լեոպոլդո Լոպեսն ազատ է արձակվել բանտից և վերադարձվել է տնային կալանքի: Այդ մասին Twitter-ում հայտնել է նրա կինը՝ Լիլիան Տինտորին, գրում է Reuters գործակալությունը:
«Նրանք Լեոպոլդին հենց նոր տուն են բերել: Մենք կշարունակենք մեծ վստահությամբ և հաստատակամությամբ պայքարել Վենեսուելայում խաղաղության և ազատության համար»,- գրել է Տինտորին:
Ուրբաթ բանտից տնային կալանքի էր վերադարձվել մեկ այլ վենեսուելացի ընդդիմադիր առաջնորդ՝ Անտոնիո Լեդեսման:
Ավելի վաղ Վենեսուելայի գերագույն դատարանը հայտարարել էր, որ ընդդիմության առաջնորդներ Լոպեսը և Լեդեսման չեն պահել տնային կալանքի պայմանները, ինչի առնչությամբ ուղարկվել են բանտ:
Լոպեսը և Լեդեսման Կարակասի նախկին քաղաքապետերն են և այժմ նախագահ Նիկոլաս Մադուրոյի ամենախիստ քննադատներից են: Նրանք կիրակի կոչ էին արել վենեսուելացիներին դուրս գալ ցույցերի այդ օրն անցկացված սահմանադրական ժողովի ընտրությունների դեմ:
Վենեսուելայի սահմանադրական ժողովի ընտրությունները (հիմնադիր ժողով) կայացել են կիրակի: Այն ուղեկցվել է բախումներով, որոնց ընթացքում ավելի քան տասը մարդ է զոհվել:
Սահմանադրական ժողովը կստանա Սահմանադրությունը փոխելու և նախագահ Նիկոլաս Մադուրոյի հակառակորդների հսկողության տակ գտնվող Ազգային ժողովը ցրելու լիազորություն: Ընդդիմությունը հայտարարել է, որ չի ճանաչում ընտրությունների արդյունքները և բողոքի նոր ակցիաների կոչ է անում:
Ավելի վաղ Վենեսուելայի ՆԳՆ-ն մինչև 10 տարի ժամկետով ազատազրկման սպառնալիքով արգելել էր ցույցերի և հանրահավաքների անցկացումը հուլիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում:
Վենեսուելայում ապրիլի սկզբից բողոքի զանգվածային ակցիաներ են սկսվել, երբ Գերագույն դատարանը որոշել էր սահմանափակել ընդդիմադիր Ազգային ժողովի իշխանությունը: Որոշումը շուտով չեղյալ էր հայտարարվել, սակայն ընդդիմության ներկայացուցիչները փողոց են դուրս եկել՝ պահանջելով դատարանի անդամների պաշտոնանկությունն ու արտահերթ ընտրությունների անցկացում: Նրանք նաև բողոքում էին հիմնադիր ժողովի գումարման դեմ՝ դա համարելով Սահմանադրությունը փոփոխելու փորձ: Ապրիլից ի վեր Վենեսուելայում ցույցերի հետևանքով ավելի քան 110 մարդ է զոհվել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են և ձերբակալվել: