Թուրքական ԶՈւ-ի ներսում ամենահզոր կղզյակը շարունակում են մնալ գյուլենականները, որոնք ի զորու են կրկին հեղաշրջում անել. թուրք դատախազ
International newsՊաշտոնաթող թուրք ռազմական դատախազ Ահմեդ Զեքի Ուչոքը հայտարարել է, որ թուրքական զինուժի ներսում գյուլենականները շարունակում են մնալ հեղաշրջման նոր փորձ իրականացնելու ունակ ամենահզոր կղզյակը, որը դեռ չի կորցրել իր ուժը: Այս մասին գրում է թուրքական diken.com.tr կայքը:
Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին:
Գյուլենի շարժման դեմ առաջին դատական գործը ղեկավարած նախկին դատախազը նշել է, որ այժմ Թուրքիայում կադրային զտումներն ամենաքիչն ու ամենամեղմն անցկացվել են հենց ԶՈւ-ում և չեն հասել իրենց նպատակին: Ըստ նրա՝ հեղաշրջման համար նոր հարմար պայմաններ ձևավորելու պարագայում նրանք կարող են կրկնել ապստամբությունը: