Միշտ հիշեք` երբ Ռուսաստանը թույլ է, նա բարի է, լավն է. Ազատ Արշակյան
Politics«ՌԴ-Արեւմուտք եւ ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների վատթարացումը դրական կանդրադառնա աշնանը Հայաստան-Եվրամիություն կնքվելիք փաստաթղթի ստորագրման գործընթացի վրա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է՝ Ռուսաստանը փորձի ճնշել Հայաստանին այդ փաստաթղթի ստորագրման հարցում:
Ըստ բանախոսի՝ որքան նրանց հարաբերությունները վատ են, այնքան ՀՀ-ի կարգավիճակը լավ է: «Ռուսաստանը մեզ էլ ինչքա՞ն ճնշի, այսինքն՝ գենոցի՞դ անցկացնի, բանակը բերել է, տնտեսությունը խեղդել է»,- նշեց Ա.Արշակյանը:
Հարցին, թե ինչո՞ւ ռուս-ամերիկյան հարաբերությունների վատթարացումը լավ կանդրադառնա այդ փաստաթղթի ստորագրման գործընթացի վրա՝ Ա.Արշակյանն այսպես պատասխանեց. «Միշտ հիշեք՝ երբ Ռուսաստանը թույլ է, նա բարի է, լավն է, նա ճանաչում է մեր իրավունքները: Ռուսները հենց նեղն են ընկնում, փրփուրներից են կախվում, ինչքան նրանց վիճակը ծանր լինի, ազգային փոքրամասնությունների վիճակը լավ կլինի»: