Թուրքիայի քրդամետ կուսակցության առաջնորդը դատի է տվել Էրդողանին
International newsԹուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության՝ կալանքի տակ գտնվող նախագահ Սելահաթթին Դեմիրթաշը դատական հայց է ներկայացրել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ՝ մեղադրելով նրան զրպարտության, անձնական վիրավորանքներ հասցնելու և ժողովրդի մեջ քեն ու ատելություն սերմանելու համար: Այս մասին գրում է թուրքական diken.com.tr կայքը:
Ամիսներ առաջ Էրդողանը Դեմիրթաշի մասին խոսելիս օգտագործել էր «ահաբեկիչ» բառը, ինչից հետո Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը պաշտոնական նամակով արձագանքել էր նախագահին՝ շեշտելով, թե «պատմությունը ցույց կտա՝ ով է ահաբեկիչը»:
Այժմ Էրդողանի դեմ հայց ներկայացրած Դեմիրթաշը որպես փոխհատուցում պահանջում է 60.000 թուրքական լիրա:
Հիշեցնենք, որ 2016թ.-ի նոյեմբերի 4-ին Դիարբեքիրում և Անկարայում ձերբակալվել է քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության 10-ից ավելի անդամ, այդ թվում` կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը: ԺԴԿ պատգամավորներին մեղադրում են «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման հետ կապեր ունենալու համար: