Իրանը մեծացրել է հրթիռային ծրագրի ֆինանսավորումը 0,5 միլիարդ դոլարով
International newsԻրանի խորհրդարանը կիրակի քվեարկել է օրենքի նախագծի օգտին, որը նախատեսում է լրացուցիչ 520 միլիոն դոլարի հատկացում բալիստիկ հրթիռների ստեղծման, ինչպես նաև տարածաշրջանում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գործունեության ընդլայնման համար: Այդ մասին հայտնում է AFP գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ իսլամական հանրապետության դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին ի պատասխան մշակված օրենքի նախագիծն ընդունվել է ձայների մեծամասնությամբ:
«Ամերիկացիները պետք է հասկանան, որ դա միայն առաջին քայլն է»,- ասել է մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին:
Հուլիսի 18-ին ԱՄՆ վարչակազմը հայտարարել է Իրանի բալիստիկ հրթիռային ծրագրին, իրանական ռազմական գնումներին և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին աջակցող 18 կազմակերպություններին և անձանց սև ցուցակ մտցնելու մասին: Ի պատասխան Իրանի իշխանությունները դիմել են ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ՝ սահմանված պատժամիջոցների առնչությամբ ԱՄՆ-ի դեմ բողոքով, ինչպես նաև մեղադրել են Վաշինգտոնին միջուկային գործարքը խախտելու համար: