5 խորհրդավոր և անբացատրելի երևույթներ, որոնք արձանագրվել են պատմության մեջ
LifestyleBlognews.am-ը գրում է.
Աշխարհը լի է խորհրդավոր իրերով, վայրերով և երևույթներով: Այդպիսիները կան նաև պատմության մեջ գրանցված, որոնցից մարդ արարածն այդպես էլ գլուխ չի հանել: Ահա դրանցից 5-ը:
1. Հռոմեական կայսրության զորքերի իններորդ լեգիոնը, որը կազմված էր ավելի քան 5 հազար հռոմեացի զինվորից և տեղակայված էր Մեծ Բրիտանիայում, 108 թվականից սկսած՝ այլևս երբեք չի հիշատակվել պատմական փաստաթղթերում և ուղղակի «դուրս է մնացել» պատմությունից: Մ.թ.ա. 43 թ. հռոմեական արշավանքից հետո զորքը մշտապես գտնվել է Բրիտանիայում, սակայն Legio IX Hispana-ի վերաբերյալ վերջին հիշատակումն արվել է 108 թ. Յորքի քարերից մեկի վրա: Մինչ այսօր հանելուկ է, թե ուր է այն անհետացել:

2. 1967 թ. հոկտեմբերի՝ կեսգիշերին մոտ, Նոր Շոտլանդիայի (Կանադա) Շագ նավահանգստում նկատել են հսկայական թռչող օբյեկտ: Որոշ ժամանակ շարժվելուց հետո այն սուլոցի նման ձայնով սուզվել է ջրի մեջ: Օբյեկտը չի հայտնաբերվել, սակայն տեղի երկու բնակիչներ հետագայում հիշատակել են ջրում լողացող ինչ-որ օբյեկտի մասին, որն իրենց աչքերով են տեսել: Որոշ ժամանակ տեղի փրկարարները ուսումնասիրել են նավահանգստի ջրային տարածքը, սակայն այդպես էլ ոչինչ չեն հայտնաբերել:

3. 1986 թ. օգոստոսի 21-ին Կամերունի հյուսիս-արևմուտքում գտնվող փոքրիկ Նյոս լիճը հանկարծակի պայթեց՝ արձակելով մինչև 300 հզ տոննա ածխաթթու գազ: Գազի ամպը շարժվում էր 100 կմ/ժ արագությամբ, այնուհետև այն իջավ ներքև՝ աղտոտելով ողջ օդը և խեղդամահ անելով լճից 25 կմ շառավղի վրա գտնվող մարդկանց ու անասուններին: Արդյունքում մահացան 1746 մարդ և 3500 գլուխ անասուն: Մինչ այսօր ժայթքման պատճառը հայտնի չէ:

4. 1561 թ. ապրիլին Նյուրնբերգում լուսաբացի ժամանակ նկատվեց երկնային տարօրինակ երևույթ: Վկաները մատնանշեցին հարյուրավոր տարբեր առարկաներ, որոնք քաոսային կերպով խառնվել էին երկնքում: Մարդիկ նկարագրում էին երևույթը որպես օդային ճակատամարտ: Դրան հաջորդեց մեծ, սև, եռանկյունաձև օբյեկտի հայտնվումը, այնուհետև դրա կործանումը քաղաքի սահմաններից դուրս: Մինչ օրս երևույթը դիտարկվում է որպես ՉԹՕ-ների օդային պայքար, չնայած որ կասկածամիտ մարդիկ պնդում են, որ դա այլ երևույթ էր իրականում:

5. 1917 թ. գարնանը կաթոլիկ հովվի երեք երեխաները, որոնք ապրում էին պորտուգալական Ֆաթիմա բնակավայրում, հայտնեցին, որ իրենց Հրեշտակն է այցելել: Շրջանը միանգամից լցվեց ուխտավորներով: 1917 թ. հոկտեմբերի 13-ին այնտեղ հսկայական ամբոխ էր հավաքված: Վկաներն ասում էին, որ անձրևից հետո մռայլ ամպերն անհետացան, հայտնվեց արեգակը՝ անթափանց պտտվող սկավառակի տեսքով: Մարդիկ հավատացնում էին, որ այն «պարում էր»՝ հողը գունավոր շողերով ներկելով: Սակայն թե իրականում ինչ էր դա, ոչ ոքի հայտնի չէ:
